ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նեմեսիսի» արձանի պատճառով հայկական ինքնաթիռները չեն թռչում Թուրքիայի տարածքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում օրեր առաջ «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացումն է պատճառ դարձել, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, թերևս, միայն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար է առանց նախապայմանների, Թուրքիան երբեք էլ չի թողել իր նախապայմանները, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը ապտակ էր թուրքական կառավարության դեմքին։

Օրերս «FlyOne Armenia» ավիաընկերությունը հայտնեց, թե Փարիզից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում, «Զվարթնոց» ժամանել միայն ժամեր անց։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը երեկ պարզ և հստակ շարադրել են իրենց նախապայմանները։ «Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», - ասել Չավուշօղլուն։

Իսկ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե անհնար էր, որ Թուրքիան չարձագանքեր Հայաստանի վերջին քայլին։ «Թող չսպասեն, որ Թուրքիան անպատասխան կթողնի՝ Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրման քայլը։ Դա բնականաբար բերելու էր օդային տարածքը փակելուն»,–ասել է Քալընը։

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախապայմանները սկզբում երեքն էին, հետո դարձան չորսը, հիմա էլ հինգն են. դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: «Հասկանալի է, որ Թուրքիայի համար Հայաստանի կողմից որպես պատմական փաստ ցեղասպանության ուրացումը, կարևոր խնդիր է, որը Թուրքիան իր առջև դրել է:Ներկայումս Թուրքիան ոչ միայն կդնի հարց, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, այլ նաև այն, որ Հայաստանը համաձայնվի ստեղծել այսպես կոչված՝ պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի՝ Հայոց Ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ. սա էլ է մեզ համար անընդունելի»,- նշել է Սաֆրաստյանը։

Թուրքիայի համար այժմ իդեալական պայմաններ են ստեղծվել: Փաշինյանական իշխանությունը խամաճիկի դեր է կատարում։ Ինքը՝ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից մունաթ էր գալիս «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրողների վրա, և ոչ մի թթու խոսք Թուրքիայի հասցեին։ 

Սոնա Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular