ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանը Չեխիայի ՊՆ ղեկավարին հրավիրել է Երևան՝ մասնակցելու կին առաջնորդների դերին նվիրված գագաթնաժողովին (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղեկցում Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, մայիսի 4-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է հանդիպում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական ու ռազմական կին գործչի, ինչը կարևոր է ու հաճելի, ինչին ի պատասխան Յանա Չերնոխովան ասել է, որ կանայք պետք է ցույց տան, որ ընդունակ են զբաղեցնելու բարձր և պատասխանատու պաշտոններ:

Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան ընդգծել է, որ ուրախ է այս հանդիպման կայացման համար, ընդ որում, երբ այս տարի նշվում է Չեխիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Վարչապետի տիկինն ու Չեխիայի պաշտպանության նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրել է հոկտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները և հրավիրել Յանա Չերնոխովային մասնակցելու դրան:

Աննա Հակոբյանը նշել է. «Ամբողջ աշխարհում հաճախ խոսում են կնոջ դերի և պատերազմների դրական հանգուցալուծման վրա նրանց ազդեցության մասին` առաջնորդվելով 2000 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը»:

Աննա Հակոբյանի խոսքով, սակայն, իրական կյանքում նման օրինակների հնարավոր չէ հաճախ հանդիպել, բայց համոզմունք է հայտնել, որ «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը քիչ թե շատ իրականություն կդարձնի այն:

Չեխիայի պաշտպանության նախարարը նշել է, որ գագաթնաժողով անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը շատ լավն է:

Պատերազմն ու կոնֆլիկտներն այսօր իրողություն են աշխարհում` նշել է վարչապետի տիկինը և վստահություն հայտնել, որ կանայք շատ բան կարող են փոխել այս իրողությունում: Պատերազմները չեն դադարի, որքան էլ կանայք մասնակցեն գագաթնաժողովին, բայց գործելն այսօր ավելի կարևոր ու նպաստավոր է, քան անգործությունը` նշել է Աննա Հակոբյանը:

Ըստ վարչապետի տիկնոջ՝ գագաթնաժողովի նպատակը կանանց մեկ վայրում համախմբելն ու միմյանց հետ շփվելու հարթակ ստեղծելն է:

Աննա Հակոբյանը հավելել է նաև, որ գագաթնաժողովը ապաքաղաքականացված է, և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանելու ցանկություն հայտնած կին քաղաքական գործիչները միջոցառմանը ներկա են լինելու առաջին հերթին որպես կին:

Զրույցից հետո Յանա Չերնոխովան Աննա Հակոբյանին հրավիրել է Պրահայի ռազմական պատմության ինստիտուտ` շրջայցի: Չեխիայի պաշտպանության նախարարն ընդգծել է` տեղեկացված է վարչապետի տիկնոջ կազմած ջոկատի մասին, և թանգարանն ավելի հետաքրքիր կլինի Աննա Հակոբյանի համար:

Յանա Չերնոխովան, Պրահայի ռազմական պատմության ինստիտուտի տնօրեն Ալեշ Կնիժեկը շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանին են ներկայացրել Չեխիայի 18-21-րդ դարերի ռազմական պատմությունը, պատմել են թանգարանում պահվող գտածոների մասին:

344887348_934069517846511_8776336114935527366_n.jpg (30 KB)

344886611_1318746572188577_2353029676604415234_n.jpg (36 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular