ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Տեղեկություն կար նաև, որ գիշերները նրանք գործի են դուրս գալիս երևանցու «Օպելով»: Խնդիրն այն էր, որ նրանց հարկավոր էր բռնել հանցագործության պահին` իրեղեն ապացույցը ձեռքներին:


Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Սակայն վարորդը դիմեց փախուստի` չխնայելով ո՛չ իր, ո՛չ էլ ոստիկանների մեքենաները:


Քրեական հետախույզներն օգնության կանչեցին պարեկներին, և օգնությունը չուշացավ: Երևանի քաղաքապետարանի մոտ, փախուստի երկրորդ, բայց այս անգամ՝ անհաջող փորձից հետո վարորդն ու ուղևորը ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Բաժնում նրանք խոստովանեցին, որ այդ օրը Ավանեսովի փողոցում մի «Մերսեդեսից» հանել-տարել են զույգ լուսարձակներն ու թարթիչները և դիմացի թափարգելը, իսկ Էրեբունու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայի բաքից քաշել են վառելիքը: Փորձել էին գողանալ նաև համարանիշերը, բայց չէր ստացվել:
Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:


Երևանցի վարորդը նաև հայտնել է, որ այս տարվա տարբեր օրերի մայրաքաղաքի Արցախի պողոտայում, Էրեբունու փողոցում և Նուբարաշենում մեքենաներից ավտոմասեր է գողացել: Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում էին, երբ Էրեբունու քրեական հետախույզները ստացան նոր տեղեկություն:

Դարձյալ խոսքը մեքենաներից գողությունների մասին էր: Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 30-ին: Առավոտյան ժամը վեցին մոտ Բագրատունյաց փողոցում ոստիկանները ձերբակալեցին երեք երիտասարդի և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Երկուսը 21 տարեկան են, մեկը` 27: Նրանք խոստովանեցին, որ վերջին երկու ժամվա ընթացքում Եղիշե Թադևոսյան փողոցի մի բակում հանել-տարել են «Մերսեդեսի» լուսարձակները, իսկ Բագրատունյաց փողոցում կայանված «Կիայից»` թարթիչներով լուսարձակներն ու մարտկոցը:


Պարզվել է նաև, որ երիտասարդներից երկուսը ապրիլի սկզբներին Արցախի պողոտայի բակերում կայանված մի «Մերսեդեսից» գողացել են լուսարձակները, կողային հայելիներն ու շարժիչի դետոնային ցուցիչը, իսկ մեկ այլ «Մերսեդեսից»` լուսարձակները: Նրանց թեթև ձեռքով թալանվել էր նաև Խաղաղ Դոնի փողոցի բակերում կայանված երկու «Մերսեդես»: Այս դեպքով ևս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Գողության այս տեսակի կանխարգելման ոստիկանական տարաբնույթ միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular