30 հազարանոց հաճույքից հետո տղամարդն այլ գործողություն է պարտադրել կնոջը. արյունլվա վերջաբան Ջրվեժի «Թագավորանիստ»-ում
ԻՐԱՎՈՒՆՔՎերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:
50-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված բռնության գործադրմամբ սեքսուալ գործողություններ կատարելու փորձի և սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին և 333 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ դատական ակտի՝ Արմեն Բ.-ն գրանցված է եղել «Ծանոթություններ» սոցիալական կայքում և ծանոթացել է «Մարիա» անունով գրանցված Մարինեի հետ:
Վերջինիս էջում նշված է եղել, որ նա փնտրում է այնպիսի տղամարդու, ով սիրում է «կունիլինգուս»: Լատիներեն այս բառի արտահայտած իմաստն ու նշանակությունը՝ սեքսուալ խաղեր՝ կնոջը հաճույք պատճառելու համար, հասկանալով, Արմենը գրել է Մարինեին, նրանք հեռախոսահամարներ են փոխանակել:
Հետագայում պայմանավորվել են հանդիպել ու զբաղվել Մարինեի նախընտրած սեքսուալ գործողություններով:
2013 թվականի դեկտեմբերի 28-ին Արմենը տաքսիով գնացել է Մարինեի շենքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են Ջրվեժ գյուղում գտնվող «Թագավորանիստ» հյուրանոցային համալիր:
Հյուրանոցի սենյակում Արմենը Մարինեին է տվել նախապես պայմանավորված 30 հազար դրամը, այնուհետև առատ ուտելիք ու խմիչք է պատվիրել, միասին կերել ու խմել են:
Արմենի ցանկությամբ Մարինեն ցանցավոր զուգագուլպա է հագել, բայց հրաժարվել է բարձրակրունկ կոշիկներ հագնելուց:
Արմենը Մարինեի սիրած ձևերով հաճելի պահեր է պարգևել նրան՝ այդ թվում… զուգարանում…
Երբ սեքսուալ խաղ-գործողությունները ավարտվել են, Մարինեն լոգանք է ընդունել: Բայց լոգասենյակից դուրս գալով՝ Արմենին իր նման բավարարված չի գտել:
Արմենը զայրացած էր, նա զբաղվել էր զուգընկերուհու սիրած գործողություններով, բայց ինքը մնացել էր չբավարարված: Եվ նա էլ իր նախընտրած եղանակի կատարումն է պահանջել Մարինեից:
Սակայն Մարինեն պատասխանել է, որ ինքը Արմենի առաջարկած գործողությունը չի կատարում, բացի այդ՝ նախապես այդ գործողության մասին պայմանավորվածություն չի եղել: Իրենք կատարել են այն գործողությունները, ու Արմենը վճարել է այն գործողությունների համար, որոնք նախապես համաձայնեցրել էին…
Արմենին զայրացրել է Մարինեի «գործարար» մոտեցումը, նա սկսել է գոռալ ու պահանջել, որ Մարինեն կատարի իր ցանկությունը:
Մարինեն կտրականապես մերժել է: Նա նույնիսկ զանգել է ընկերուհիներից մեկին, ով Արմենի պահանջած գործողությունը համաձայն կլիներ կատարել, բայց ընկերուհին հրաժարվել է հասնել «Թագավորանիստ» հյուրանոց:
Արմենն էլ իր հերթին զանգել է մտերմուհուն, ում հետ երբեմն-երբեմն զբաղվում էր սիրած գործողությամբ: Այս կինը չի մերժել Արմենին, նույնիսկ տաքսիով հասել է Ջրվեժ, սակայն հյուրանոց է հասել այն ժամանակ, երբ արդեն Արմենին տեղափոխում էին հիվանդանոց…
Բանն այն , որ մինչև մտերմուհու գալը Արմենը հյուրանոցի սենյակում շարունակել է վիճել Մարինեի հետ: Ապա ավելի ու ավելի զայրանալով՝ նա թիկունքի կողմից մոտեցել է Մարինեին, ում րոպեներ առաջ «քնքշագին» ձևերով հաճույք էր պատճառում, բռնել է Մարինեի մազերից ու փորձել է հարկադրանքով կատարել տալ իր ցանկությունը:
Մարինեն դիմադրել է: Արմենը մի քանի անգամ հարվածել է նրա գլխին:
Այդ ժամանակ Մարինեի ոտքը սայթաքել, նա վայր է ընկել: Արմենն անմիջապես նստել է նրա կրծքավանդակին ու փորձել է կատարել իր ցանկությունը: Մարինեն շարունակել է դիմադրել, նա ձեռքը տարել է դեպի սեղանը, վերցրել է սեղանին դրված ապակե տարան ու դրանով հարվածել է Արմենի գլխին: Արյուն է հոսել…
Անակնկալի եկած Արմենը դուրս է վազել սենյակից և օգնություն է կանչել: Հյուրանոցի աշխատողները զանգել են շտապօգնություն: Արմենին տեղափոխել են հիվանդանոց:
Նույն օրը Արմենը հիվանդանոց գնացած ոստիկաններին սուտ հաղորդում է տվել, թե հյուրանոցի սենյակում ինքը Մարինեին բռնացրել է իր գրպանից գողություն կատարելու պահին:
Արմենն իր հետագա ցուցմունքում նշել է, թե ինքը «Մարիայի» հետ երեք ժամ հաց ուտելուց և երկար զրուցելուց հետո չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, ինչից «Մարիան» նեղացել է:
Ինքը մտել է լոգասենյակ՝ հագուստը թողնելով սենյակում: Երբ նայել է լոգասենյակի կիսաբաց դռնից, տեսել է, որ «Մարիան» ձեռքը մտցրել է իր տաբատի գրպանը: Ինքը արագ դուրս է եկել լոգասենյակից, «Մարիային» ապտակել է նրա վատ արարքի՝ գողության փորձի համար, այդ ապտակն էլ այնքան թույլ էր, որ «Մարիայի» դեմքին հետք չէր թողնի:
Ըստ Արմենի՝ այդ ապտակից հետո «Մարիան» ակնթարթորեն հանքային ջրի ապակե շշով հարվածել է իր գլխին, գլխից արյուն է եկել, ինքը հետագա իրադարձությունները չի հիշում:
Արմենը նշել է, որ «Մարիան» իր գրպանից չի հասցրել գումար վերցնել, և ինքը չի ցանկանում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:
Նախաքննական հետագա ցուցմունքում Արմենը նշել է, թե իրեն թվացել է՝ Մարինեն ձեռքը մտցրել էր իր տաբատի գրպանը, ինքը ոստիկանությունում հայտնել է այն, ինչ իրեն թվացել էր, ինքը Մարինեի վրա «շառ» չի արել:
Արմենն ընդունել է, որ Մարինեին առաջարկել է իր նախասիրած գործողությունը կատարել, բայց Մարինեն «իբր՝ վիրավորվել է, ասել է՝ ես նման բան չեմ անում»: Իսկ երբ իրենք այդ թեմայով վիճել են, Մարինեն վերցրել է շիշը ու հարվածել է իր գլխին:
Մարինեն մանրամասն հայտնել է, թե ինչ է կատարվել հյուրանոցի սենյակում, և ինչու է ինքը շշով հարվածել Արմենի գլխին…
Հետագայում Արմենը Մարինեին պատճառած նյութական, ֆիզիկական, բարոյական վնասների հատուցման համար նրան տվել է 400 հազար դրամ:
Նախաքննության ընթացքում և դատարանում Արմեն Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:
Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին և 333 հոդվածի 1-ին մասերով, ու վերջին հաշվով դատապարտել է 4 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի Արմեն Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:
Մինչ այդ՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննության: