ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ հեղուկ գազը կհասնի Հայաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղուկ գազ տեղափոխող հայկական բեռնատարների մեծ մասն արդեն հատել է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետը և ուղևորվել ՌԴ՝ լիցքավորման նպատակով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Վերջինիս խոսքով՝ թեև այս պահին վրացական կողմում դեռևս կան կուտակված հայկական բեռնատարներ՝ այդ թվում հեղուկ գազի տեղափոխում իրականացնող, սակայն, եթե նոր դժվարություններ չառաջանան, մի քանի օրից դրանք ևս կհատեն սահմանը։

«Հայկական բեռնատարները, որոնք ուղևորվում են ՌԴ հեղուկ գազով լիցքավորվելու և Հայաստան տեղափոխելու նպատակով, մնացել էին կուտակումների մեջ։ Խնդիրը, կարելի է ասել արդեն վերանում է և մի քանի օր անց, ամենայն հավանականությամբ հերթերում հեղուկ գազի մեքենաներ չեն լինի»,- վստահեցրեց Վահան Հակոբյանը։ Մաքսային կցորդը հավաստիացրեց, որ «Վերին Լարսի» անցակետն այս պահին աշխատում է բնականոն ռեժիմով։

«Ինչպես գիտեք, անցակետում տեղադրված 4 ռենտգեն սարքավորումներից երկուսը չէին աշխատում և անցակետի թողունակությունը բավականին նվազել էր։ Երեք օր առաջ խնդիրը լուծվել է, և անցակետի թողունակությունը վերականգնվել։ Արդեն ամեն օր 400-450 բեռնատար է հատում սահմանը, որից կեսից ավելին հայկական բեռնատարներ։ Եթե նոր խնդիրներ չառաջանան, մինչև հաջորդ շաբաթվա վերջ վրացական կողմի կուտակումները կվերանան և հերթերում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարներ նույնպես չեն լինի»,-նշեց մաքսային կցորդը։

Հարցին, թե այս ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել հայկական կողմը, որպեսզի հրավտանգ (պայթյունավտանգ)  համարվող բեռնատարներն արտահերթ հատեն սահմանը, Վահան Հակոբյանն արձագանքեց․

«Այո, գազատար մեքենաները հրավտանգ են համարվում։ Թեև ՌԴ ուղևորվող բեռնատարները դատարկ են, այնուամենայնիվ նրանցում որոշակի ճնշում է պահպանվում։ Վրացական կողմը, սակայն համարում է, որ դատարկ բեռնատարները վտանգավորության բարձր աստիճան չունեն և դրանք ընդհանուր հերթում են մնում։ Այս հարցի շուրջ քննարկում է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպանի և Վրաստանի մաքսային մարմինների ներկայացուցիչների միջև։ Վրացական կողմից հավաստիացրել են, որ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա այդ բեռնատարներին արտոնություն չի տրվել, մինչդեռ հայ տնտեսվարողները պնդում են, որ նախկինում բեռնատարներն արտահերթ անցել են սահմանը։

Նշենք, որ Հայաստանում մեկ շաբաթից ավելի է հեղուկ գազի դեֆիցիտ է, որը իշխանությունները և տնտեսվարողները պայմանավորում են հեղուկ վառելիքի ներմուծման հետ կապված դժվարություններով։ Հեղուկ գազ ներմուծող խոշորագույն «Գազ պրոպան» ՍՊԸ-ն դեռևս մայիսի 2-ին իր հաճախորդներին տեղեկացրել էր, որ Վրաստանի Հանրապետության ճանապարհներին առկա խցանումների պատճառով ընկերության գազալցակայաններում այս պահին առկա չէ հեղուկ գազ: Հեղուկ գազի դեֆիցիտի պատճառով որոշ լցակայաններում հեղուկ վառելիքի մեկ լիտրը դարձել է 200-220 դրամ, մինչդեռ 2023թ. տարեսկզբին հեղուկ գազի գինը կտրուկ նվազել էր՝ դառնալով 110-120 դրամ:

Ստեղծված ճգնաժամի պայմաններում սոցիալական ցանցերում ակտիվացել է հեղուկ գազի կտրոնների վաճառքը։ Ֆեյսբուքյան խմբերում օրինակ այսօր հնարավոր է հեղուկ գազի կտրոններ ձեռքբերել՝ մեկ լիտրը 180-190 դրամով։ NEWS.am-ը տեղեկացավ, որ նավթամթերքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող հայաստանյան առաջատար «Մաքս Օիլ» և «Ֆլեշ» ընկերություններում անգամ սպառվել են հեղուկ գազի կտրոնները։ Հիշյալ ընկերություններից NEWS.am-ին պարզաբանեցին, որ պատճառը Հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտն է։ Իսկ, օրինակ «Սի փի էս» ընկերությունը այսօր արդեն հեղուկ գազի մեկ լիտրի կտրոնը վաճառում է 210 դրամով։

Հաշվի առնելով վարորդների դժգոհությունները, օրերս մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել էր հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները, սակայն մրցակցային իրավախախտումներ չէր հայտնաբերել։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին»,-ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular