ՌԴ-ն 2014 թվականից հետո առաջին անգամ վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2014 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Համաշխարհային բանկի եւ ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։
2022 թվականի վերջին Ռուսաստանը արտադրել է 2,3 տրիլիոն դոլարի ապրանք եւ ծառայություն, ինչը նրան թույլ է տվել այս ցուցանիշով զբաղեցնել ութերորդ տեղը։ Վերջին անգամ երկիրը առաջին տասնյակում հայտնվել էր 2014 թվականին․ 9-րդ տեղում՝ 2,05 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: 2021 թվականին նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Անցյալ տարի աշխարհի ամենամեծ տնտեսություն է շարունակել մնալ ԱՄՆ-ն՝ 25,46 տրիլիոն դոլար անվանական ՀՆԱ-ով: Երկրորդ տեղում Չինաստանն է (17,94 տրլն), իսկ լավագույն եռյակը ավանդաբար եզրափակում է Ճապոնիան (4,17 տրլն)։
Գերմանիան մնացել է չորրորդ տեղում (4,07 տրլն), իսկ Հնդկաստանը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը (3,4 տրլն)։ Մեծ Բրիտանիան պահպանել է վեցերորդ տեղը (3,07 տրլն), Ֆրանսիան մնացել է յոթերորդը (2,78 տրլն)։
Կանադան իններորդն է (2,14 տրիլիոն դոլար), իսկ Իտալիան (2,01 տրիլիոն դոլար) մեկ տարվա ընթացքում ութերորդից իջել է տասներորդ հորիզոնական:
Միաժամանակ տասնյակից դուրս է մնացել Հարավային Կորեան, որը տասներորդ հորիզոնականից հայտնվել է 13-րդ տեղում։