ՊՆ-ն հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը հաստատող տեսանյութ է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:
Քիչ առաջ ԱՀ ՊՆ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ համացանցի իր էջում գրել է.
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:
Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։