ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազին հրահանգված է ավելի Նիկոլ լինել, քան Նիկոլն է. Աննա Մկրտչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն վկաները, որոնք մեղադրական կողմը ներկայացնում է, չգիտես ինչու, երջանիկ պատահականությամբ, մարդիկ մեկ շաբաթ առաջ եկել, տվել են լրիվ այլ ցուցմունքներ, հետո չգիտես ոնց, շատ հանկարծակի փոշմանել են, հիշել են դատախազությունը անհրաժեշտ բովանդակությամբ նախադասություններ եւ տվել այն ցուցմունքը, որը պետք է դատախազությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործին:

«Այդպես է երեւում այսօր արդեն դռնբաց իրականացվող դատական քննությունից: Պոտենցիալ հանցագործության հատկանիշներ կան բոլոր այն վկաների խոսքերում, որոնք գալիս են դատարան եւ իբր դատախազի կողմից ներկայացվում են: Ես, իհարկե, հասկանում եմ, որ դատախազին հրահանգ է տրված լինել ավելի նիկոլ, քան Նիկոլն է, վստահ եմ, որ խմբագրված են իր ելույթները, տեքստերը, բայց ես եւս մեկ անգամ կուզենամ հիշեցնել, որ մարդկային եւ մասնագիտական արժանապատվությունը որեւէ մեկը չի հետաձգել կամ չեղարկել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գործը կարել են շատ վատ որակով:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այս գործն այն մասին է, որ Սոթքում կկրակեն, թե Վարդենիսը, Տեղ գյուղը կօկուպացնեն, Արցախը կկտրեն, հաղթած նախագահը, Արցախն ու Հայաստանը անառիկ պահած նախագահը չկարողանա միջամտել. «Իրենք մեծ հիասթափություն են ապրելու, որեւէ սարքած վարույթ չի կարողանալու իրեն հետ պահել, որ ինքը Հայաստանի խնդիրներով մտահոգվի»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 11-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այժմ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն է: Նախորդ նիստին հարցաքննվել են գործով վկաները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular