ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը կփոխվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։ Թեմայի առնչությամբ այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում խորհրդակցության ժմանակ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ հանդիպել է ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը քննարկելու։

«Որոշակի առաջարկներ են արվել հիմնականում, որ ճանապարհների սպասարկման ընթացքում ենթակառուցվածքների շրջանակներում կատարվող կտրվածքների վրա իրենք ևս ազդեցություն ունենան, այսինքն՝ հսկողությունն իրենք իրականացնեն։ Դա արդեն կքննարկենք, հասկանանք՝ ինչ ձևով ենք կարողանալու նրանց նման լիազորություն տալ։ Ըստ դրա՝ արդեն պատրաստենք հայտերը եկող տարվանից ամբողջական սպասարկման անցնելու համար»,- ասաց Խորեն Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ պլանավորում են հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման հանձնել ճանշիններին, և այլևս փոսալցման աշխատանքներ չե՞ն անելու։ Խորեն Գրիգորյանը պարզաբանեց՝ առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չեն արվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով: Ճանապարհները սպասարկողը և պատասխանատուն 2 կամ 3 տարով դառնում է ճանապարհաշինական ընկերությունը։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ֆիքսելո՞ւ են, որ եթե փոսը փորվեց, նույնը օրը պետք է լցվի: Խորեն Գրիգորյանը նշեց, որ պարզվել է՝ գործող պայմանագրերում նշված չէ քանդված փոսը 1 օրում լցնելու պայման, ուստի փորձելու են առաջնորդվել գործող պայմանագրի կետերով, իսկ հարկ եղած դեպքում ճանապարհաշինական ընկերության հետ պայմանագրերը կխզվեն:

Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ այս հարցն այնքան են քննարկելու, մինչև փոսալցումների խնդիրը լուծվի։

«Հասկացանք, լավ, մյուս տարվանից նոր մեթոդաբանություն ենք դնում, բայց կրկին նորմալ չէ, որ շաբաթով, ամիսով փոսը փորված է, և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Մենք շատ վատ ենք դրան նայում։ Այդ որակի աշխատանքը շատ վատ ենք դիտարկում և, հետևապես, համապատասխան վերաբերմունք ենք ունենալու նրանց նկատմամբ հաջորդ բոլոր փուլերում»,- ասաց Ավինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular