ՎԶԵԲ-ի համաժողովին Հայաստանին հատկացված է առանձին տաղավար, որտեղ ներկայացված է երկրի ներդրումային միջավայրը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է քաղաք Սամարղանդում (Ուզբեկստանի Հանրապետություն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով։
ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՖՆ ներկայացուցիչներն այցի առաջին օրը՝ մայիսի 16-ին, հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Երևանում կայանալիք ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպմանը։ Վերջինիս անցկացման կազմակերպչական մանրամասները և իրականացվող աշխատանքների զարգացումները քննարկվել են նաև ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կուգուչիի և ՎԶԵԲ արարողակարգային ստորաբաժանման ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլի հետ։
Առանձին հանդիպում է կայացել ՎԶԵԲ Եվրասիայի ենթակառուցվածքների հարցերով պատասխանատու Եկատերինա Միրոշնիկի հետ, քննարկվել են առկա և հետագայում մեկնարկող հնարավոր ենթակառուցվածքային ծրագրերը։
ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը Հայաստանը մասնակցում է հյուրընկալող հաջորդ երկրի կարգավիճակով: Գործարար համաժողովին Հայաստանին հատկացված է առանձին տաղավար, որտեղ ներկայացված է երկրի ներդրումային միջավայրը, և հավանական ներդրողները կարող են ծանոթանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հիմնական հնարավորություններին ու առավելություններին։