ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում դիմադրության օջախները ճնշելու շարունակական փորձեր ու սցենարներ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է, ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի է մեծացնելու ճնշումը։ Բնականաբար, Բաքուն դրա միջոցով նպատակ ունի իր կամքը պարտադրել Արցախին ու աստիճանաբար կոտրել արցախցիների ոգին։ Պարզ է, որ իրավիճակի կրիտիկական լինելու արդյունքում հակառակորդին դիմագրավելուց ավելի արցախցիներին ոչ մի այլ հարց չպետք է հուզի, քանի որ Արցախում գործող պետականությունն ուղիղ վտանգի տակ է։ Իսկ այս պայմաններում նախաձեռնված հավաքները պետք է միտված լինեն արցախցիների կամքն ու վճռականությունը ցույց տալուն։ Դրա համար էլ Արցախի ինքնորոշման իրավունքի կողմնակից քաղաքական ուժերը նախաձեռնեցին հավաքներ, որոնցում էլ արտահայտվեց արցախցիների վճռականությունը, որ իրենք կտրականապես դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաքը, որի ժամանակ մի հարկի տակ հավաքվեցին բոլոր հայրենասեր ուժերը, բովանդակային առումով իր մեջ կրում էր պայքարի շարունակականության ու չհանձնվելու ուղերձը։ Բայց ինքնորոշման իրավունքի սկզբունքը մինչև վերջ պաշտպանելու կողմնակից ուժերի ակտիվացումը անմիջապես անհանգստություն առաջ բերեց ՀՀ իշխանությունների շրջանում։ Ու նրանք Արցախում իրենց մասնաճյուղերի միջոցով փորձեցին արագորեն որոշակի քաղաքական գործընթացներ նախաձեռնել։ Իսկ այդ գործընթացները նախատեսում են նաև ՀՀ իշխանությունների ազդեցությունը կրող ու քաղաքական առումով ենթակա անձանց ներդրում Արցախի իշխանական համակարգում։

Պատահական չէ, որ դեռևս օրեր առաջ էին տեղեկություններ շրջանառվում, որ մայիսի 15-ին հանրահավաք նախաձեռնելով՝ Սամվել Բաբայանը Արցախի իշխանությունների առաջ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջ է դնելու։ Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ, օրերս Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Բաբայանի կազմակերպած ոչ բազմամարդ հանրահավաքի ընթացքում Արցախի իշխանությունների առաջ դրվեց նրան պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջը։ Այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ այս ամենը նաև Արցախի իշխանությունների հետ պայմանավորված գործընթաց է։ Իսկ սցենարը պարզ էր. Սամվել Բաբայանը հանրահավաք է նախաձեռնում, հետո միանգամից դրան արձագանքում են Արցախի իշխանությունները, իսկ հետո սկսվում են «քաղաքական կոնսուլտացիաները»։ Դե, ինչպես և եղավ: Մասնավորաբար, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Բաբայանի կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում։

Իսկ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն, առանց նույնիսկ նկատի ունենալու Բաբայանի կազմակերպած հավաքի մասնակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը, իսկույն արձագանքեց, թե հաշվի առնելով հավաքի մասնակիցների հայտարարությունը՝ որոշել է ընդառաջ քայլ կատարել և քննարկումներ ու խորհրդակցություններ կազմակերպել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Քչերն են կասկածում, որ, ի վերջո, լինելու է այնպես, ինչպես թելադրում են ՀՀ իշխանությունները։ Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ հարցեր են լուծում այդպիսով ու ինչու են այսքան շտապում:

Առաջին խնդիրը, որ ՀՀ իշխանությունները փորձում են լուծել, Արցախում դիմադրության օջախները ճնշելն է և Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց որդեգրած քաղաքական գծի խոչընդոտները նվազեցնելը: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել Արցախում ունեցած իրենց ազդեցությունը Ադրբեջանին գոհացնելու և գլուխ բարձրացնող դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց, ինչպես երևում է Արցախում տարբեր ընդդիմադիր ուժերի՝ Ռուբեն Վարդանյանի, «Արդարություն» կուսակցության, Դաշնակցության և տարբեր այլ անհատների ու քաղաքական գործիչների հայտարարություններից և մոտեցումներից, նրանք չեն պատրաստվում ընկրկել։ Ավելին, Արցախի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախատեսում են համախմբվել միասնական օրակարգի շուրջ ու Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ձևավորել։ Եվ ամենաուրախալին այն է, որ այստեղ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular