ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ զարգացումներ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղիների շուրջ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ ժամանակակից աշխարհում միջազգային զարգացումները գնալով դառնում են ավելի անկանխատեսելի, առաջնահերթ նշանակություն է ստանում մատակարարումների դիվերսիֆիկացման և նոր հաղորդակցության ուղիների խնդիրը։ Օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի բռնկումների, խիստ միջոցների կիրառման և վարվող «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության արդյունքում համաշխարհային տնտեսությունը բախվեց այնպիսի խնդրի, որ Չինաստանից, որը կատարում է «աշխարհի գործարանի» դերակատարությունը, մատակարարումները և արտահանումը ժամանակ առ ժամանակ խաթարվում էին։ Ուստի, նախաձեռնություններ սկսվեցին Չինաստանից արտադրության շղթաները որոշ չափով դուրս բերելու և այլ երկրներում ևս արտադրություն կազմակերպելու ու մատակարարումների մասով։

Մյուս կողմից էլ՝ չինական արտահանմանը խոչընդոտող հանգամանք է Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցությունն ու դիմակայությունը։ Ըստ այդմ, արտերկրյա ներդրողներից շատերը նվազեցնում են իրենց կախվածությունը Չինաստանից։ Եվ արտադրության կազմակերպման տեսանկյունից Հնդկաստանը, որն այս տարի իր բնակչությամբ գերազանցեց Չինաստանին, դիտարկվում է որպես Չինաստանին այլընտրանք։ Դրանով է պայմանավորված, որ դեպի Հնդկաստան ներդրումների մեծ հոսք է նկատվում, իսկ հնդկական տնտեսությունը առաջանցիկ աճ է գրանցում։ Հնդկաստանի ուղղությամբ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև մեր տարածաշրջանում։ Արևմուտքի հետ սրված հարաբերությունների և պատժամիջոցների սահմանման պարագայում Ռուսաստանը փորձում է իր արտահանումը և տնտեսական հարաբերությունները վերաուղղել դեպի արևելք, որտեղ կարևորվում է Հնդկաստանի աճող ներուժը։

Մյուս կողմից էլ՝ Եվրոպան ևս շահագրգռված է Հնդկաստանի հետ հաղորդակցության նոր ուղիներով, իսկ այդ ճանապարհներից մեկը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը, որը, մեծ հաշվով, «Հյուսիս-Հարավ» միջանցքի առանցքային հատվածն է։ Իսկ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի անցման հիմնական ուղղություններն են դիտարկվում Իրանից դեպի Հայաստան և Իրանից դեպի Ադրբեջան ուղիները։ Բայց Հայաստանով անցնող հաղորդակցության ճանապարհի շուրջ անվերջ քննարկումները շարունակվում են, և գործնականում որևէ առաջընթաց չկա։ Օրինակ՝ ապրիլի 20-ին արտգործնախարարությունում Հայաստանի, Հնդկաստանի ու Իրանի ներկայացուցիչների միջև տեղի էր ունեցել տեսական քննարկում տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցերի շուրջ։ Իսկ իշխանություններին հարող շրջանակները կեղծ տեղեկություններ էին տարածում սոցցանցերում, թե կողմերը միլիարդավոր դոլարների առևտրաշրջանառության մասին պայմանագիր են կնքել։

Իրականում Հայաստանի դրությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների մասով շատ բարդ է, անգամ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը, որն արդեն տարիներ շարունակ կառուցվում է, պատրաստ չէ։ Եվ մինչ Հայաստանում Իրանի և Հնդկաստանի հետ ընդամենը տեսական քննարկումներ են ընթանում, Ադրբեջանով անցնող ճանապարհի մասով գործնական զարգացումներ կան։ Մայիսի 17-ին Ռուսաստանի ու Իրանի կողմից ստորագրվեց Ռեշտ-Աստարա երկաթուղային հաղորդակցության մասին համաձայնագիրը։ Իսկ դրա թողունակությունն ու արդյունավետությունն այնքան կարևորվեց, որ տեսակապի միջոցով մասնակցում էին Իրանի նախագահ Ռաիսին և Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Վերջինս հույս հայտնեց, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «ՀյուսիսՀարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման հարցում։ Ընդ որում, երկաթուղային հաղորդակցության այս նախագիծն արդեն 8 տարի գոյություն ունի, սակայն երբևէ կոնկրետ գործնական հարթության վրա չէր տեղափոխվել։

Իսկ կնքված համաձայնագրով Ռուսաստանը, հաշվի առնելով պատժամիջոցների հետևանքները մեղմելու և Իրանի հետ հաղորդակցությունը խթանելու կարևորությունը, պարտավորվեց 1 միլիարդ 300 միլիոն եվրոյի միջպետական վարկ տրամադրել Իրանին։ Այդ գումարն արդեն իսկ Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության ողջ արժեքի մոտ 80 տոկոսն է կազմում։ Եվ ակնկալվում է, որ Իրանի հյուսիսով անցնող այս երկաթուղու շինարարությունը կմեկնարկի արդեն 2024 թվականին և կտևի 4-ից 5 տարի։ Ըստ երևույթին, Ադրբեջանը չէր մասնակցում համաձայնագրի կնքմանը, քանի որ Իրանն առարկել էր՝ հաշվի առնելով Բաքվի հակաիրանական քաղաքականությունը, բայց Ադրբեջանն, ի վերջո, վերջնական համաձայնության մաս է կազմելու, քանի որ երկաթուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Փաստացի, Ռուսաստանը և Իրանը ֆինանսավորելու և իրականացնելու են նախագիծը, իսկ դրանից օգտվելու է Ադրբեջանը՝ ստանալով տարանցիկ կարևոր նշանակություն։

Միաժամանակ, պետք է նաև նկատի ունենալ, որ ծրագրի իրականացումը կարող է ձգձգվել, քանի որ Արևմուտքում չեն բացառում կոնկրետ նախագծի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, քանի որ այն կարող է դառնալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու ուղի։ Իսկ Հայաստանում դեռևս հույսեր են փայփայում, թե Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն այդպես էլ իրականություն չի դառնա։ Ու կարծիքներ են հնչում, որ եթե շուտով Սյունիքով ու Նախիջևանով անցնող երկաթուղային գծի վերականգնման շուրջ համաձայնությունը կայանա, դրանով տարածաշրջանում հաղորդակցության ապահովման հարցը մեծամասամբ կլուծվի։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման։ Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի դեպքում Հայաստանն ընդհանրապես դուրս կմնա տարածաշրջանային հաղորդակցությունից, ու Իրանը Ռուսաստանին կապող կարևորագույն ուղին կհայտնվի թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular