ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԳԻՄՕ–ում կարևոր նշան են անվանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Iz.ru–ն գրում է, որ ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը  «iz.ru»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցությունների վերսկսումը կարևոր նշան է անվանել։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Եռակողմ հանդիպումների վերսկսումը կարևոր է, դրանք երկար ընդմիջում ունեցան, և դրանց վերսկսումը շատ կարևոր նշան է, քանի որ երկու կողմերն էլ մտադիր են շարունակել աշխատանքը երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններում նախանշված ոլորտներում»,- ասել է քաղաքագետը։ Միաժամանակ նա նշել է, որ դեռ ազդանշաններ չի տեսնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարողանան փոխզիջման հասնել։ «Մի մեծ անորոշություն կա, որ գոյություն ունի երկար ամիսներ, այդ անորոշությունը կապված է Հայաստանի դիրքորոշման հետ։ Հայտնի է, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը, սակայն Հայաստանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերում շատ մշուշոտ է»,- ասել է Սիլաևը։

Նաև մայիսի 18-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բաքուն ճանաչել է Հայաստանի 29,8 հազար քառ. կմ տարածքը, իսկ Երեւանը ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը: 

Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։ Քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular