ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հետևողականորեն գնում է սրացման Արցախի ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հետևողականորեն գնում է սրացման Արցախի ուղղությամբ։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառում ուղղակիորեն սպառնացել էր արցախցիներին՝ պահանջելով լուծարել պետական մարմինները։

«Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք այդ տարածքում ցանկացած օպերացիա իրականացնել, այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, այն էլեմենտը, որն իրեն նախագահ է անվանում, պիտի հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյաները պետք է թողնեն իրենց պաշտոնները, միայն այդ դեպքում կարող է համաներման մասին խոսք լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Արցախի պաշտոնյանների հրաժարականի պահանջից բացի Ալիևը պնդել է, թե Բաքուն Արցախի անկախության ու կարգավիճակի հարցը փակել է՝ հորդորելով արցախցիներին ենթարկվել Ադրբեջանի օրենքներին։ «Ձեր գիրքը փակված է, միացում գիրքը փակված է , անջատողականության վերջը ելկել է, անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը։ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը, դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»,- հոխորտացել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի խոչընդոտ։ Ադրբեջանի նախագահի այս սպառնալիքներին արդեն հաջորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության առնվազն երկու ապատեղեկատվություն մեկ օրվա ընթացքում։ Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինարարական կառույցների ինժեներական աշխատանքներ ադրբեջանական դիրքերի դիմաց։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես հաղորդում է, թե հայկական կողմը փորձել է մշտական ամրություններ տեղադրել Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների ուղղություներով տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։ Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ իրենց ձեռնարկած միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե պաշտպանության բանակի ստորաբաժանումները մայիսի 29-ի երեկոյան կրակ են բացել ադրբեջանական բանակի ուղղությամբ։ Ստեփանակերտը Բաքվի այս պնդումը ևս հերքել է՝ այն ապատեղեկատվություն որակելով։

Ադրբեջանի նախագահի սպառնալիքների վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել Արցախի խորհրդարանն ու Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի վարչապետն ու ԱԳն-ն՝ փաստելով, որ այս կերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ հիմքեր ստեղծել, Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հատկապես հիմա Թուրքիայում Էրդողանի ընտրությունից հետո, Ալիևի ախորժակն աննկարագրելիորեն բացվել է և նա նորանոր պահանջներ է ներկայացնելու հայկական կողմին։

Վարդան Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular