ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առեւանգեցին հայ զինծառայողներին. հարց Սուրեն Պապիկյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետեւել պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առեւանգեցին հայ զինծառայողներին:

«Դա նույնպես պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է, այդ թվում առեւանգման մասին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ավելի ուշ հաղորդվել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։:

ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular