ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ  ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ավտոբուսները ձեռք են բերվել  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց բոլորին նոր ավտոբուսային պարկի բացման կապակցությամբ՝ նշելով, որ սրանով ևս մեկ քայլ է իրականացվում Հայաստանում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու համար:

«Ուզում եմ  կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և ՎԶԵԲ-ին՝ «Կանաչ Երևան»-ի մեր տեսլականն իրականություն  դարձնելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Նման ծրագրերի իրականացումը ցույց է տալիս Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակը: Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում»,-ասաց Մհեր Գրիգորյան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում արագ տեմպերով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները և այս ավտոբուսների ձեռքբերումը այդ գործընթացի կարևորագույն քայլերից մեկն էր:

«Բարեփոխումների  այս շրջափուլում մենք ունենք արդեն իսկ հիմնարար հենք պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը 2023 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու: Շարժակազմի փոխարինումը կարևորագույն շրջափուլ էր, որը մենք, կարելի է ասել, 70-80 տոկոսով իրականացրել ենք: Հիմա եկել է ժամանակը շարժակազմի էլեկտրոնային կառավարման ամբողջական նոր համակարգ ներդնելու, որպեսզի մարդկանց րոպեներով տեղեկացնենք ավտոբուսների տեղաշարժի և ժամանման մասին: Եվ իհարկե, հետագայում էլ ավելի շատ «կանաչ» տրանսպորտ ունենալու ճանապարհին Երևան քաղաքը պլանավորում է իր հին Չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես էկո  ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ուրախությամբ նշեց, որ նոր ավտոբուսների գործարկումը ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլ նաև կփոխի ամբողջ մոտեցումը հասարակական տրանսպորտի հանդեպ:

«Այս ավտոբուսները կապահովեն նաև ներառականությունը, քանի որ նրանք հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Արդեն 87 այսպիսի ավտոբուսներ գտնվում են Երևանում և սա ապացուցում է, որ Եվրամիությունը ոչ միայն մտադիր է, այլ նաև ի վիճակի է իր խոստումները պահել»,- ասաց Վիկտորինը:

ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին իր խոսքում նշեց, որ ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի արտանետումների ամենամեծ մասը հենց հանրային տրանսպորտի կողմից է, և սա այն հարցն է, որ իրենք  փորձում են մեղմացնել՝ նոր ավտոբուսներ ներկրելով Երևան:

Բացման արարողությանը ներկա էին նաև Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և  ՎԶԵԲ փոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular