ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատաղիս. Պատերազմներից հետո ոտքի կանգնող գյուղը. Լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիս գյուղն ու հարևան Թալիշը 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողություններից ամենաշատը տուժած բնակավայրերից էին:
Այսօր Մատաղիսն ունի 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխաներ:

Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի

Սահմանամերձ Մատաղիս տանող ճանապարհն անցնում է լեռնոտ տարածքով: Պարզ եղանակին ամենաբարձր ոլորանից գյուղը, կամ ինչպես այն սիրում են անվանել այստեղ ծառայողները` Մատաղիսի թագավորությունն, ափի մեջ է: Ուշադիր նայելիս կարելի է նկատել նույնիսկ տներից դուրս եկող ծուխն ու հետևել գյուղի կյանքին: Տեսածի խաղաղությունն ընդհատում են միայն մեզ ուղեկցողների պատմություններն, ովքեր բարձրադիր կետից ցույց են տալիս տեղանքն ու փնտրում ապրիլյան պատերազմի հետքերը:



Գյուղի առաջին թաղամասը «Նոր»-ն է: Այն այսպես են անվանում, քանի որ կառուցվել է Արցախյան առաջին` 90-ականների պատերազմից հետո: Ապրիլին հենց այս թաղամասն է իր վրա ընդունել հակառակորդի հրետակոծության ու հրթիռակոծության զգալի մասը: Այսօր դրա մասին վկայում են տների դարպասներին մնացած բեկորային հետքերը:



Երկու անգամ պատերազմ անցած ու սահմանին ապրել շարունակող այս գյուղը պատերազմից խաղաղություն պոկելու ամենավառ օրինակն է: Նույնիսկ տնամերձ լվացքի պարաններն են հուշում այդ մասին: Գունավոր սրբիչների ու մանկական հագուստի կողքին գրեթե յուրքանչյուր տանը զինվորական համազգեստ է կախված:



Գյուղամեջում մի խումբ երեխաներ ակտիվ վիճում են խաղալիք բեռնատարի համար: Նրանց սաստում է տատիկը` Ժենյա Եդիգարյանն, ով մեզ տեսնելով ուրախանում է.



«Էս ո՜նց համընկավ», - ու բացատրում, - «Հեսա հաստատ հարցնելու եք` «Մատաղիսում կյանքը ո՞նց ա», հենա ասեմ` շատ լավ: Նոր հեռու տեղերից բարեկամներս էին զանգել, ասում էին` «հ՞ն, ո՞նց եք», ես էլ ասեցի`«շատ լավ, չե՞ք հավատում` հեսա կգան, կնկարեն, կգցեն ինտերնետ` կտեսնեք», ու մեկ էլ դուք եկաք: Էս ո՜նց համընկավ»:

Ժենյա Եդիգարյանն, օգտվելով տաք եղանակից, արածեցնում է իր ոչխարների հոտը: Նրա շուրջը վազվզում են մի խումբ երեխաներ:



«Բոլորը թոռներս են, ընդհանուր արդեն 13 թոռ ունեմ»,- ասում է տատն ու շարունակում,- «Երեխաները կարևոր են` պիտի շատանանք: Մատաղիսցու երազանքն ա, որ մեր գյուղն աճի, զարգանա»:

Տատի ձեռքին գիրք է, հարցնում եմ` «ի՞նչ եք կարդում», ասում է` բուսաբուժության մասին.
«Մեր բնությունն այստեղ շատ հարուստ է, ես էլ այս գիրքը պատահական գտա, հիմա համ գործս եմ անում, համ կարդում, միգուցե օգտակար բույսեր ընկնեն աչքովս»:

2016թ.-ի ապրիլի մասին զգուշությամբ եմ հարցնում, ասում է` «ամենավատ օրերն էին, տղաս վիրավորվեց, Մատաղիսի գյուղապետն է` երևի իր մոտ եք գնում հա՞» ու միանգամից ավելացնում` «գրեք, որ իրանց նպատակին չեն հասնի»:

«Իրենք ուզեցին մեզ` խաղաղ բնակչությանը վնասեն, բայց մոռացան, որ մենք քոչվոր չենք: Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի: Մարդ պիտի իր ստեղծածը վայելի, կիսատ թողածը` շարունակի: Մենք սովոր չենք մեր տունը, հողը թողնենք, գնանք ուրիշի ձեռքի հացին նայենք: Մենք ենք մեր հաց ստեղծողը», - ասում է Ժենյա Եդիգարյանն ու ավելացնում` «խաղաղությունն իմ համար երեխեքիս, թոռներիս հաջողությունն է»:

Խաղաղությունը պատկերացնում եմ մե՜ծ լավ բան

Իմ ու տատի զրույցին ուշադրությամբ հետևում է երեխաներից ամենամեծը` 11 տարեկան Անին: Ասում է` իր գյուղում ամենաշատը երեխաներին է սիրում ու իրենց խաղացած խաղերը.



«Տարբեր բաներ ենք խաղում` պախկվոցի, մեջմտնոցի: Ես մեջմտնոցին եմ ամենաշատը սիրում: Բայց դպրոց էլ եմ սիրում գնալ, որ մեծանամ, երազում եմ դառնալ բժշկուհի», - ասում է Անին:

Հարցնում եմ` խաղաղությունն ինչպե՞ս է պատկերացնում` ժպտում է:

«Պատկերացնում եմ, որ մի մե՜ծ բան է: Մի սիրուն լավ բան»:

Մատաղիսում ոչ միայն նորոգում են եղած տներն, այլև կառուցում նորերը` երիտասարդ ընտանիքների համար

Մատաղիսի գյուղապետը Զավեն Ավանեսյանն է: 2016թ.-ի ապրիլի 2-ին նա նույնպես վիրավորվել էր հակառակորդի հրետակոծության հետևանքով: Այսօր դրա մասին խոսել չի սիրում, ասում է` «ձեր առաջ առողջ կանգնած եմ, կարևորը դա է»:


Զավեն Ավանեսյան

Նա վստահեցնում է` ապրիլյան իրադարձություններից հետո գյուղի ամբողջ բնակչությունը վերադարձել է ու այսօր գրեթե ավարտվել են վերականգնողական աշխատանքները:

«Բավականաչափ աշխատանքներ իրականացվում են թե՛ ճանապարհաշինարարության առումով, թե՛ բնակարանաշինության: Ասեմ, որ ապրիլը տեսնելով՝ ժողովուրդն ավելի է համոզվում, որ իր ապրելու միակ տեղը սա է», - ասում է Զավեն Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին վերականգնվել է հրետակոծության հետևանքով տուժած դպրոցը.

«Ավելին` այսօր մեր երեխաների թվի համար այս դպրոցը բավարար չէ ու նախագիծ ունենք կառուցելու ևս մեկը: Նույնն էլ մանկապարտեզի առումով: Առաջիկայում նոր մանկապարտեզ կունենանք», - պատմում է գյուղապետը:

Հետաքրքրվում եմ` իսկ ի՞նչքան երիտասարդ ու երեխա կա գյուղում:

«Կարող եմ ասել, որ գյուղի բնակչության 95 տոկոսը մինչև 50 տարեկան են: Այսօր գյուղում կա 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխա են: Ունենք երիտասարդ ընտանիքներ, որոնց առաջիկայում կառավարության տրամադրած միջոցներով կփորձենք օգնել տներով», - պատմում է Զավեն Ավանեսյանը:

Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունները մատաղիսցիներին ոչ թե վախեցրին, այլ դարձրին ավելի պատրաստ.

«Յուրաքանչյուր ընտանիքի անդամ մտածում է, որ ինքը պետք է պատրաստ լինի ցանկացած գործողության` սա է սահմանին ապրելու տարբերակը: Ապրիլից հետո դաշտերում լինում են կրակոցներ, բայց գյուղի վրա չեն կրակել: Բնականաբար, ոչ ոք չէր սպասում, որ 1994թ.-ի հրադադարից հետո կարող է նման բան լինել: Ապրիլից հետո մենք համոզվեցինք, որ թշնամին չի փոխվել: Եթե ստացվի այնպես, որ թշնամին նորից անցնի հարձակման, ժողովուրդը պատրաստ կլինի», - վստահեցնում է Զավեն Ավանեսյանը:

Վերջում` Մատաղիսի նոր «բրենդի» մասին

Մատաղիսի գյուղապետը մեզ ճանապարհելիս ժպտում է` «մի լավ լուր էլ ունենք», ասում է ու գրպանից հանում հեռախոսը: Լուսանկարում խավիարի տարա է՝ արտադրված Մատաղիսում:



Տարիներ առաջ Արցախի կառավարությունը Մատաղիսում հիմնադրեց խավիարի արտադրություն: Նախատեսված էր այն զարգացնել ու հիմնական արտադրանքն արտահանել: Զավեն Ավանեսյանի խոսքով` խավիարի արտադրական գործընթացը հիմա լիովին վերականգնվել է:

«Ապրիլին կրած վնասներն արտադրամասում ևս արագ վերականգնվել են ու, ինչպես տեսաք, արդեն ունենք առաջին փորձնական արտադրանքը: Այդ չափաբաժինը նախատեսված է սպառման շուկա գտնելու համար: Այն հիմնականում կարտահանվի ու սպառման շուկայի հստակեցումից հետո, կսկսվի մասսայական արտադրություն»: 

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular