ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում պարբերաբար կրկնվող երևույթներից մեկն էլ ավտոմեքենաների «մգեցված ապակիների» դեմ պայքարն է: Այդպես ժամանակ առ ժամանակ մեկ էլ այդ պատմությունը կրկնվում է: Նույնն այս օրերին է: Հայտարարվեց, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն, մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 տոկոս, և հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Այդ նորմը, նկատենք, առանձնապես նոր բան չէ:

Ընդամենը ոստիկանությունը, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունները դրա մասին հերթական անգամ հիշել են, հերթական նագամ որոշել են խստություն դրսևորել: Բայց այս դեպքում ուշագրավը ոչ այնքան դա է, այլ այն, որ դրանց դեմ պայքարի հերթական բռնկումը նաև որոշ հրապարակային դժգոհության կամ, այսպես ասենք, բողոքի ինքնաբուխ ակցիայի հանգեցրեց: Ի՞նչ էին ասում բողոքողները: Առանձնապես ուշադրություն գրավեց նրանցից մեկի դիտարկումը՝ «3 միլիոն վարչապետների» մասին: Դա, հիշում եք, Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն է: Ճշտենք՝ 2018 թվականի «շարժիչով» Փաշինյանի, որ իշխանությունը վերցնելուց հետո հրապարակում հավաքված բոլոր ներկաներին անվանեց ՀՀ վարչապետներ: Այսինքն՝ նրանցից ամեն մեկը, ըստ Փաշինյանի ասածի, վարչապետ էր ու կարող էր «վարչապետական» որոշումներ ընդունել: Ինքն էլ, իբր, այդ 3 միլիոն վարչապետներից մեկն է, այսպես ասած՝ «կադաստրի թղթով» վարչապետը: Կներեք, բայց սա արդեն զավեշտ էլ չի: Այսինքն, այս մարդիկ լրջորեն հավատացել են, որ իրենք իսկապես վարչապետ են:

Չէ, լո՞ւրջ... Լավ, իսկ ի՞նչ են պահանջում դժգոհները: Ըստ էության, պահանջում են թույլ տալ շարունակել խախտել օրենքն ու կանոնները, շրջել մգեցված ապակիներ ունեցող մեքենայով: Մեծ հաշվով՝ դա է ստացվում: Ու որքանո՞վ է դա ընկալելի, առհասարակ: Ասում են՝ մեր մեքենան է, ինչ ուզենք, այն էլ կանենք: Սեփական ավտոտնակում՝ միգուցե: Իսկ փողոցո՞ւմ: Իսկ երթևեկության մե՞ջ: Այդպես մի օր էլ կասեն՝ մեր մեքենան է, կուզենք՝ մեջը հարբած կնստենք, կուզենք... Մի խոսքով՝ ոնց կուզենք: Առանց այդ էլ քիչ չեն վարորդները, որոնք միայն մի նպատակ ունեն՝ առանց տեսանկարահանող սարքերի հատվածներում մաքսիմալ խախտել ՃԵ կանոնները:

Ինչքան ուժ ունեն՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլև, որ ամենակարևորն է, այլոց կյանքը: Իսկ իրականում, ՃԵԿ խախտումների համար չափազանց խիստ է պետք լինել՝ սկսած արգելող նշանին չենթարկվելու համար անհամեմատ մեծ պատիժ սահմանելուց (էլ չենք խոսում խմածության մասին) մինչև թարթիչ չմիացնելը, որը մեր վարորդներից շատերի համար «լավ տղա» լինելու հիմնական պայմանն է: Ընդ որում, այնքան խիստ, որ խախտումամոլական նորանոր գայթակղություններ այլևս չծագեն: Չէ, հասկանում ենք, որ եթե իշխանավորներն «ինչ ուզում՝ անում են», մյուսներն էլ կարող են մտածել, որ իրենք էլ իրենց չափով ինչ ուզեն՝ կանեն: Հիմա էլ մարդկանց մի մասի ուզածը... մգեցված ապակիներով ավտոմեքենաներով շրջելն է: Թե ինչ պատճառաբանություններով, այլ թեմա է: Իսկ, առհասարակ, այսօրինակ դրսևորումները բավականին տխուր խորհրդածությունների առիթ են տալիս: Մարդիկ, ուրեմն, չեն հիշել, որ իրենք «3 միլիոն վարչապետներից» են, երբ երկրի ու նաև իրենց անվտանգության լրջագույն սպառնալիքներ ձևավորվեցին ու դրսևորվեցին:

Չեն հիշել այդ մասին, երբ պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ իրավապահները խայտառակ պահվածք դրսևորեցին: Չհիշեցին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Իսկ, այ, մգեցված ապակիները «բունտի» առիթ են: Հետաքրքիր է, բնութագրական ու իսկապես էլ՝ տխրեցնող: Իրականում, եթե կուզեք, ոչ միայն ավտոմեքենաների ապակիներից թաղանթներն է պետք քերել, այլև հանրության որոշակի շերտերի ընկալման ու տեսողության վրա կապված «փառերը»՝ թաղանթները: Այնպիսի տպավորություն է, որ համատարած թաղանթապատված, փառակալած աչքերով են շատերը ապրում: Ո՛չ տեսնում են, ո՛չ զգում, ո՛չ ընկալում, թե ինչ են է կատարվում ու ինչեր են սպասվում: Կարևորը, որ մեքենայի ապակիները մգեցված լինեն: Այդպես ավելի լավ է, միգուցե: Ու լավ է, թերևս, այն պատճառով, որ շուրջբոլորն առանձնապես չի երևում, թե ինչ է կատարվում, ինչ է եղել, և ուր են գլորվում: Ավելի ճիշտ՝ ուր ենք գլորվում:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular