Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։ Նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։
Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգը որոշակի ժամանակահատված շարունակելու է գործարկվել։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել ինչպես նախկին համակարգով, այնպես էլ նոր համակարգով։
Եթե նույն գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվի և՛ նախկին, և՛ նոր համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի դրանից խուսափելու նպատակով առաջարկվում է գործարքը փաստաթղթավորել (այսինքն` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել) կա՛մ նախկին համակարգով, կա՛մ նոր համակարգով:
Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման սահմանափակումների մասով լրացուցիչ կտեղեկացվի։