ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի հարկեր վճարելուց

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ․ մարտի 17-ից մինչև 2023թ․ փետրվարի 20-ը ներառյալ Ա․Ղ․-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։

Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ Ա․Ղ․-ն, Վ․Ս․-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ․-ի, Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ա․Ղ․-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular