Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում են տասնյակ հազարավոր մարդկանց. CNN Philippines
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպիններում արթնացել է Մայոն հրաբուխը։ Այս մասին տեղեկացրել է Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտի (Phivolcs) տնօրենը, փոխանցել է CNN Philippines-ը։
2 462 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Բիկոլ շրջանում, Լուսոն կղզուց հարավ-արեւելք, Լեգասպի քաղաքից ոչ հեռու։
Մեկ օրում խառնարանից 199 անգամ մոխիր եւ քարեր են արտանետվել, տեղի է ունեցել լավայի, հրաբխային մասնիկների, տաք գազերի եւ մոխրի վեց արտահոսք։ Հրաբխային ակտիվության բարձրացման ֆոնին հայտարարվել է վտանգավորության երրորդ մակարդակ՝ «վտանգավոր ժայթքումների բարձր հավանականության» պատճառով։ Ալբայ նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված։
Ալբայի նահանգապետ Էդսել Լագմանը տեղեկացրել է, որ նախնական տարհանում է կատարվում, արդեն անվտանգ վայրեր է տեղափոխվել երեք հազար մարդ, որոնք ապրում էին հրաբխին մոտ շրջաններում։ Տարհանման ենթակա է եւս 10 հազար մարդ Լեգասպիից, Տաբակոյից, Լիգաոյից, Սանտո Դոմինգոյից, Մալիլիպոտից, Բակակայից եւ Դարագայից։
Յոթ կիլոմետր շառավղում ապրող ամբողջ բնակչության տարհանման մասին որոշում ընդունվելու դեպքում կտարհանվի եւս վեց հազար մարդ։ Սոցիալական ապահովության եւ զարգացման դեպարտամենտը տարհանված բնակչության համար հատկացրել է ավելի քան 100 000 ընտանեկան պարենային փաթեթներ։