ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անձամբ է վերահսկելու Երևանի ավագանու ընտրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լրջորեն սկսել են մտահոգել գործող իշխանություններին, և Նիկոլ Փաշինյանն որոշել է անձամբ վերահսկել ավագանու ընտրությունները։ Երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել, քննարկել են ավագանու առաջիկա ընտրությանը վերաբերող հարցեր։

Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին առաջին հերթին մտահոգել է «Ապրելու երկիր» կուսակցության հայտը և նրանց ներկայացրած ծրագիրը։ Հատկապես այժմ, երբ գործող իշխանությունների թեկնածու Տիգրան Ավինյանը լուրջ քննադատության է ենթարկվում Երևան քաղաքում բավարար չափով աշխատանքներ չկատարելու, պարբերաբար սոցցանցերում քննադատությունների թիրախ դառնալու, իսկ քաղաքին վերաբերող աշխատանքները չափազանց վատ իրականացնելու համար, Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություն ունի, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտություն կկրի, ինչից հետո էլ արդեն շղթայական ռեակցիայով կդրվի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը։

Գիտակցելով, որ Երևանի ավագանու ընտրությունները իր համար կենսական նշանակություն ունեն, Նիկոլ Փաշինյանը երեկ վարչության նիստում հանձնարարել է, որ ավագանու ընտրություններում նախընտրական շտաբը գլխավորի վարչության անդամներից Արմեն Փամբուխչյանը։ Վերջինս այս ամսվա վերջին արդեն ազատվելու է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և առնվազն մինչև Երևանի ավագանու ընտրությունների վերջ այլ պաշտոնի չի նշանակվելու, այլ համակարգելու է Երևանի քաղաքապետի ընտրություները։ Միայն քաղաքապետի ընտրություններում լուրջ արդյունքներ ցուցաբերելու և ՔՊ հաղթանակն ապահովելու դեպքում Փամբուխչյանին խոստացել են նոր, ավելի բարձր պաշտոնի նշանակել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչության նիստում նաև առանձնահատուկ քննարկվել է «Ապրելու երկրի» հարցը, Փաշինյանը հանձնարարել է բոլոր հնարավոր մեթոդներով և ունեցած մեդիա ռեսուրսներով առաջին հերթին հարձակման անցնել հենց Մանե Թանդիլյանի և նրա գլխավորած կուսակցության վրա։ Հատկապես Թանդիլյանին հիշեցնելու են Փաշինյանի հետ ունեցած կապը, կառավարության կազմում Թանդիլյանի և նրա մի շարք թիմակիցների կատարած աշխատանքը։ Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ իրենց հետ երբևէ կապված լինելու հանգամանքը բավական բացասական գործոն է դիտարկվում հանրության կողմից։

Աննա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular