Հայաստանը Ռուսաստանից միգրանտների ներհոսքի ցուցանիշով միշտ հայտնվում է երկրների առաջին եռյակում․ ֆիննախ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում եւ հանրությանը մատուցում է տարբեր ծառայություններ, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ չնայած անվտանգության եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրներին՝ Հայաստանը հիանալի վայր է ապրելու համար, հատկապես ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու համար: «Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, կայուն ֆինանսական համակարգը եւ տարբեր այլ գործոններ մեր երկիրը գրավիչ են դարձրել հազարավոր զբոսաշրջիկների եւ օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս միգրանտների համար»,-նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այս ամենում հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը։
Հայաստանը, Նրա խոսքով, մշտապես հայտնվում է Ռուսաստանից միգրանտների ներհոսքի ցուցանիշով երկրների առաջին եռյակում։ «Եվ պետք է ուղղակի հարցնել՝ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցուցակում։ Մենք մրցակցում ենք այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այսինքն՝ այն երկրների հետ, որոնք ունեն զարգացման ավելի բարձր մակարդակ։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն այնպիսի միջավայր է ստեղծել, որտեղ մարդիկ ուզում են ապրել, աշխատել եւ ներդրումներ անել»,-եզրափակեց նա։