Կակաոյի գնի բարձրացումը, ռուբլու կուրսի անկայունությունը՝ «Մարսի» ու «Սնիկերսի» թանկացման պատճառ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում և կայքում հրապարակումներ եղան այն մասին, որ թանկացել են շաքարավազն ու «Մարս», «Սնիկերս» ու «Թվիքս» շոկոլադե սալիկները: Ըստ լրատվամիջոցի՝ փետրվարին հունվարի համեմատությամբ շաքարավազը թանկացել է 5–10 դրամով, իսկ շոկոլադե սալիկների մեկ կիլոգրամը՝ մոտ 350 դրամով:
Շոկոլադե սալիկների ներմուծմամբ զբաղվող «Դերժավա Ս» ՓԲԸ–ն մարտի 2–ին իր պաշտոնական կայքում հրապարակել է գնային փոփոխությունների վերաբերյալ ընկերության պարզաբանումը: Պարզաբանման մեջ մասնավորապես գրված է. ««Մարս» ընկերությունը գնային փոփոխություն է իրականացրել՝ հիմնավորելով կակաոյի համաշխարհային գների բարձրացումն ու ռուսական ռուբլու կուրսի անկայունությունը: «Դերժավա Ս» ՓԲԸ–ն նախկին գնով գնված ապրանքների սպառումից հետո, այլընտրանք չունենալու պատճառով՝ նոր գնով գնված ապրանքների վաճառքի գինը համամասնորեն վերանայել է միջինում 5–7%–ով»:
«Ե՛վ թանկացումներ են լինելու, և՛ սոցիալական ցնցումներ, և՛ գազն ու հոսանքը կարող են թանկանալ: Իշխանությունների մոտ լրիվ չոր հաշվարկ է. պետք է ընտրությունների ժամանակ ծախսված գումարները հետ բերել: Իշխանության հաշվարկը՝ իշխանությունը պահելն է»: Այսպես ասաց «Ծառուկյան դաշինքի» Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը, երբ իրեն խնդրեցինք կարծիք հայտնել նշված սննդատեսակների թանկացման հետ կապված:
«Փաստի» այն հարցին, թե քաղաքական մեկնաբանություն կա այս պրոցեսում՝ հաշվի առնելով ներկրողի իշխանական թևում լինելը՝ պատգամավորի թեկնածուն պատասխանեց, որ եթե դա անում են նախընտրական ծախսերն ապահովելու նպատակով, իհարկե, դատապարտելի է: «Բայց ես ինքս տնտեսվարող եմ, և բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել թանկացման համար: Դատապարտելի կլիներ, եթե ենթատեքստը լիներ ընտրություններին գումարներ ծախսելը և իշխանության համար քվեներ բերելը: Վերջիվերջո ի՞նչ նշանակություն ունի գործարարը ինչ դաշտում է գործում: Եթե գործարար է, թանկացումից, բնականաբար, իր ապրանքի վաճառքն էլ է տուժելու:
Չեմ ուզում այս թանկացումների մեջ կրիմինալ փնտրել: Սակայն Հայաստանում միշտ այդպես է. ընտրություններից առաջ կամ հետո այն գործարարները, որոնք քաղաքականության մեջ են, իրենց ծառայությունների, ապրանքների գները թանկացնում են՝ բաժանված գումարները ինչ–որ կերպ կոմպենսացնելու համար: Ես որպես թեկնածու ընտրվելուց հետո քաղաքական համակարգը այնպես պիտի փոխեմ, որ գործարարը ստիպված չլինի իշխանության համար փող ծախսել: Մարդ 5–10 հազար դրամ վերցնելուց հետո մոռանում է Հայաստանում ինչն է էժան, ինչը՝ թանկ: Իշխանությունները լավ հաշվարկել են. գլոբալ ծախսերի փոխարեն գումարը տալիս են, ձայներն առնում՝ վերարտադրվում»,– նշեց Վարուժան Բաբաջանյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ թեև նշեց, որ նմանատիպ հարցերում խորացած չէ, որպեսզի ինտերակտիվ–հրամայական ձևով պատասխանի արդյո՞ք կա որևէ տրամաբանություն և օրինաչափություն թանկացման համար, սակայն հակված է ենթադրելու, որ այդ թանկացումները հիմնավորվածության անհրաժեշտ տարրեր չունեն:
«Այդ ապրանքատեսակները որոշակի խմբի, շերտի մարդիկ են օգտագործում: Ցածր եկամուտների պարագայում հանրապետության ճնշող մեծամասնությունը ի զորու էլ չէ դրանք օգտագործել: Բնականաբար այդ թանկ գները սահմանվում են առաջին հերթին այն բոլոր խմբերի ներկայացուցիչների համար, որոնք օրինական կամ ոչ օրինական ճանապարհով դրանք գնելու հնարավորությունն ունեն: Երկրորդ պատճառը պայմանավորված է երևի թե նրանով, որ գանձապետարանում ֆինանսական միջոցների խրոնիկական պակաս կա: Կարող են իհարկե ասել, թե հանրապետությունից դուրս դրանց գները թանկացել են: Դա միշտ էլ շեշտադրում են, բայց ստուգող չկա, հստակ տեղեկատվություն չի տարածվում, որպեսզի հասկանանք՝ իրականության հետ կապ ունի, թե ոչ»,– պարզաբանեց տնտեսագետը:
«Փաստի» այն հարցին էլ, թե հնարավոր է, որ սա զուտ քաղաքական հարց է կամ գործարարի անհատական որոշում՝ պատասխանեց, որ կարող է լինել, առավել ևս որ հանրապետությունում առկա է կանոնակարգվածությունների ցածր մակարդակ ու ազատ տնտեսական մրցակցության բացակայություն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: