ՔՊ-ականները մեկ օր հանգստացել են. այսօր հատուկ ծրագիր կմշակեն. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել են Դիլիջանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Դիլիջան» հյուրանոցում:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ական աղբյուրները հայտնեցին, որ իշխանականները դեռ չեն շտապել ժողով անել. երեկ տեղավորվել են, միմյանց հետ շփվել, դեսից-դենից զրուցել, զբոսնել, այլ կերպ ասած՝ երեկ լիարժեք հանգստի են նվիրել իրենց ԱԺ ծանր եռօրյայից հետո:
Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հինգշաբթի օրն արագ սպառեց ԱԺ նիստերի օրակարգը, լրացուցիչ ժամանակ ավելացրեց նիստի հիմնական ժամանակին, որպեսզի մեկ օր շուտ գնան Դիլիջան, հանգստանան, նոր անցնեն գործի:
ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր. գրել էինք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները: ՔՊ-ականների համար ավագանու ընտրություններում հաղթելը, կարելի է ասել, կենաց-մահու հարց է։
Մտադիր են այսօրվա ժողովին հատուկ «ռազմավարական» պլան մշակել, որ 100%-անոց հաղթանակ ապահովեն այդ ընտրություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում