ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա իշխանությունը քաղաքական ճնշումների նորանոր «ռեկորդներ» է սահմանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Հակակոռոպցիոն դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջը և որոշում կայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին: Հազվադեպ է լինում, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակների, հանրային հարթակներում ակտիվ ու ամենատարբեր գաղափարաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող գործիչների տեսակետներն ու գնահատականներն այդքան միարժեք ու նույնանման լինեն: Արմեն Աշոտյանին ձերբակալելու, ապա և՝ նրան կալանավորելու մասին իշխանությունների որոշումն այդ հազվագյուտ դեպքերից է:

Իսկ գնահատականները, որ հնչեցվում են վերջին երկու օրերին, ընդհանրական առումով հանգում են հետևյալ բնորոշմանը. Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Իրավաբանները նշում են, որ նրան կալանավորելու համար իշխանության ներկայացրած փաստարկները, մեղմ ասած, խախուտ են ու զավեշտական: Բայց դա մի առանձին խոսակցության նյութ է: Հիմնականի մասին. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հուշում են մի քանի ակնհայտություններ, որոնց մասին, ի դեպ, շատերն են բարձրաձայնում:

Առաջին. իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է կատարել այնպիսի քայլ, որը բուռն արձագանքների տեղիք է տալու, ուստի դրանից առաջ նրա իշխանությունն անհրաժեշտություն է տեսնում առնվազն չեզոքացնել (ազատազրկել) իր առավել անհաշտ քաղաքական հակառակորդներին (այստեղ, ի դեպ-ով հավելենք, որ ընդդիմադիրների նկատմամբ սպասվող նոր ճնշումների մասին գրել էինք դեռ 1-1,5 ամիս առաջ):

Երկրորդ. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից, որին ենթակա դատարանն այն պարզապես դակել է:

Երրորդ. կասկածից վեր է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է նրա գերակտիվությամբ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունն» ու դրա նպատակները հետևողականորեն, կարելի է ասել՝ մեթոդաբար մերկացնելով և օրվա իշխանության նկատմամբ արմատապես անհաշտ դիրքորոշմամբ: Այդ թվում՝ «դրսում»:

Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, Աշոտյանի նկատմամբ իրավական գործիքակազմով քաղաքական ճնշման հետ կապված կոշտ հայտարարություններ են սպասվում մի շարք եվրոպական քաղաքական կազմակերպություններից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular