ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Ասատրյանի պատասխանն ադրբեջանական «բեսպրեդելին». Ես շարունակելու եմ բարձրացնել Արցախի դրոշը

ՎԻԴԵՈ

Փետրվարի 23-ին տեղի ունեցած խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում հայազգի Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին՝ գլխավերևում պահեց Արցախի Հանրապետության դրոշը: Ադրբեջանական կողմը պաշտոնական բողոք էր ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչի հետևանքով Fight Nights ընկերությունը խզեց պայմանագիրը Ասատրյանի հետ: Ընկերության տարածած հաղորդագության համաձայն՝ մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ է դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։

«Պրոմոութերական Fight Nights ընկերության որոշումն անօրինական է և անհիմն: Այս ընկերության հետ կնքված պայմանագրի որևէ կետ ես չեմ խախտել: Նման որոշումը կայացվել է ադրբեջանցի ազդեցիկ դեմքերի ճնշման հետևանքով, որպեսզի նվաստացնեն ինձ, իմ հայրենասիրությունը Ռուսաստանի և Արցախի նկատմամբ: Ոտնահարվել է սահմանադրական իրավունքս: Ռուսաստանում Հայաստանի և Արցախի դրոշներն արգելված չեն: Fight Nights-ը ևս չի արգելում ազգային խորհրդանիշներ կրելն ու ցուցադրելը: Արցախը ահաբեկչական երկիր չէ: Իմ հինավուրց հայրենիքը գրանցված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ միջազգային կազմակերպությունների սև ցուցակում: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ ես որևէ անօրինական գործողություն չեմ կատարել, և պայմանագրի խախտումը ոչ այլ ինչ է, քան աբսուրդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասատրյանը:

Վերջինս ներկայացրեց հիմնավոր փաստեր, որոնք խոսում են ադրբեջանական կողմի «բեսպրեդելի» և անպատժելիության մասին: Դրանք թե մրցաշարի կազմակերպիչների կողմից և թե սպորտային աշխարհի ներկայացուցիչների կողմից ուղղակի անուշադրության են մատնվել:

«Fight Nights 44-ի ժամանակ ադրբեջանցի Աբասովն ու իր թիմը մրցահարթակ դուրս եկան մարզաշապիկով, որի վրա գրված էր Խոջալուին վերաբերող քաղաքական գրություն: Ավելին՝ Fight Nights 53 մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկը բարձրախոսով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչը մեծ զարմանք ու իրարանցում առաջացրեց մարզադահլիճում: Իմ և Էլնար Իբրահիմովի մենամարտից առաջ էլ մրցավայրի մոտակայքում ադրբեջանցիները մեքենաներով պտտվում էին և կրկին բղավում, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Այս ամենը չի զարմացրել պրոմոութերական ընկերությանը»,- ասաց Ասատրյանը:

Հայազգի մարզիկը հույս հայտնեց, որ այսքանից հետո այս ընկերությունը հետևություններ կանի և համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը շտկելու համար: Ասատրյանը չբացառեց նաև կրկին համագործակցել այս ընկերության հետ. «Հուսով եմ, որ Fight Nights-ը լուրջ քայլեր կձեռնարկի և կվերանայի իր որոշումը, քանի դեռ իմ հայ ժողովրդի աչքից վերջնականապես չի ընկել: Հանուն իմ երկրպագուների՝ ես պատրաստ եմ նորից համագործակցել Fight Nights-ի հետ: Վերջինը պետք է ցույց տա, որ բարձրակարգ ընկերություն է և արժանիորեն է հեղինակություն վայելում բազմահազար երկրպագուների շարքում: Հակառակ դեպքում Fight Nights-ը Ռուսաստանում տեղ չունի, քանզի դավանում է ռասիզմին և կրոնական խտրականությանը»- հավելեց Ասատրյանը:

Ի դեպ, արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած հայ մարզիկը առաջիկայում ևս հաղթանակները նվիրելու է Արցախին և ծածանելու է այս երկրի դրոշը: «Ես իմ ազգի զավակն եմ: Ես Ռուսաստանի և Հայաստանի պատրիոտն եմ, ուստի շարունակելու եմ ծածանել թե՛ իմ ազգային և թե՛ քաղաքացիական պատկանելության խորհրդանիշները: Դրանով ես ցույց եմ տալիս իմ մեծ սերը փոքր հայրենիքիս՝ Արցախի, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ: Իմ մարզական ոգին ոչ ոք չի կարող կոտրել: Ամեն ինչ կանեմ երկրպագուներիս չհիասթափեցնելու համար: Ես շարունակելու եմ հաղթական մենամարտերը և ամեն ինչ անելու եմ տիտղոս նվաճելու համար: Ես արժանիորեն իրավունք եմ նվաճել պայքարելու չեմպիոնական գոտու համար և իրավունք ունեմ օգտվելու այդ բացառիկ հնարավորությունից»,- եզրափակեց Ասատրյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular