ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խանութներում այս պահին դատարկություն է, նույնիսկ կտրոնով որեւէ բան չկա. Մետաքսե Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում բնակչության մոտ մի փոքր խուճապ կա կապված պարենի հետ, քանի որ խանութներում այս պահին դատարկություն է, նույնիսկ կտրոնով որեւէ բան չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Իրավիճակը կարելի է թեթեւ խուճապային նկարագրել: Իսկ ինչու այսպես եղավ. երբ տեղադրվում էր ադրբեջանական անցակետը, որեւէ կրակոց չեղավ, երբ տեղադրում էին լաթի առաջին կտորը, էլի որեւէ կրակոց չեղավ, ու չգիտես ինչու որոշվեց որ կրակոցը երկրորդ լաթի կտորը տեղադրելու ժամանակ պետք է  լինի, դա էլ այն պարագայում, երբ հունիսի 4-ից արցախի բնակչությունը իշխանությունների ակտիվ աջակցությամբ հենց նույն անցակետով լավ էլ ակտիվ տեղաշարժվում էր, ինչը Արցախում բազմաթիվ դժգոհություններ էր առաջացնում: Դա մեր կարմիր գիծն էր, այսինքն Արցախ- Հայաստան ճանապարհի անխափան գործելը, որը խախտել էր Ադրբեջանը եւ խախտել էր Հայաստանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդպես էլ պարզ չէր, թե ինչ պատճառաբանությամբ էին քաղաքացիները անցնում անցակետով:

Հակոբյանի կարծիքով անցակետը փակվեց հենց առաջացած դժգոհությունների պատճառով, որ արցախցիները մտածեին՝ ավելի լավ էր, նման պայմաններով գնալ, քան թե ընդհանրապես փակվեր:

«Կարծում եմ՝ սա ծրագրավորված սցենարի հերթական արարն էր, որը տեղի ունեցավ: Միանշանակ, սա պատահական չէր, այս կրակոցներից մեկ օր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ինչ-որ հայտարարություն հնչեցրեց, որ Մեղրին հանձնել էին նախկինները, իհարկե, ցանկացած տրամաբանություն ունեցող քաղաքացու մոտ հարց է առաջանաւոմ, եթե հանձնել էին, ինչպես է , որ այնտեղ հայեր են ապրում եւ բավականին զարգացած քաղաք է: Պարզ է, որ հայկական կողմի վրա կան ճնշումներ թուրքական կողմից, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից, այն պարտավորությունների մասով, որոնք ՀՀ իշխանությունները տվել են, թե գրավոր, թե բանավոր: Այդ խոստումներից ամենակարեւորը, որը շատ է շեշտվում թշնամու կողմից Զանգեզուրի միջանցքի ստացումն է, որին դեմ չեն նաեւ Հայաստանի իշխանությունները, ուղղակի խնդիրը ձեւակերպման մեջ է եւ, ըստ էության, իրենք այլ տարբերակ չունեն, իրենք ծուղակն են ընկել, եւ կարծում եմ, որ այս ամենը հենց այդ միջանցքի համար է կատարվում»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակում իշխանությունն անգործության է մատնված, սեփական որոշում չունեն, նույնիսկ եթե հայտարարում են, այդ որոշմանը հետեւողական չեն եւ հանդիսանում են ՀՀ իշխանությունների կամակատարը:

«Անհասկանալի է, թե  այս իշխանությունները չիանալու, ազգային արժեքների պակասի, թե կամակատար լինելու  արդյունքում են ժողովրդին այս վիճակի մեջ պահում: Չկա նման բան, որ իրենք որեւէ բան անում են, կանեն կամ արել են: Արցախում բավականին մեծ կոնսոլիդացիա կա սթափ ուժերի շրջանում, բավականին լուրջ գործընթացներ են Արցախում տեղի ունենում եւ մի քանի օրից հանդիպումներ կսկսվեն բոլոր համայնքներում «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժման հանդիպումները եւ կհանդիպենք բոլոր բնակիչների հետ, կպատմենք իրենց ճշմարտությունը եւ մեր ծրագրերի մասին, հնարավոր սցենարների մասին»,-ասաց նա:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է Ադրբեջանը արգելել է նույնիսկ հումանիտար բեռների փոխադրումը Արցախ, տոտալ շրջափակման մեջ գցելով տեղի 120 հազար բնակրությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular