ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են․ ՀՀ նախագահը հանդիպել է Բեռլինի քաղաքապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան եւ գրառում թողել պատվո հյուրերի մատյանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից:

Բեռլինի քաղաքապետ Կայ Վենգերը շնորհակալություն հայտնելով այցելության համար նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Հանրապետության նախագահի այցը իր համար առաջին բարձր մակարդակի ընդունելությունն է:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաեւ Հատուկ օլիմպիական խաղերի բարձր մակարդակի կազմակերպվածության համար: Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ համագործակցային մեծ ներուժ ունեն:

Հանրապետության նախագահն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը, ինչպես նաեւ բարձր է գնահատել խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերների, այդ թվում Գերմանիայի կանցլերի ջանքերը:

Կայ Վենգերն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ իր նպաստը կբերի բիզնեսի առեւտրատնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում հայ գերմանական համագործակցության հետագա զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է հավատարմությունը ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին, որոնք համամարդկային արժեքներ են եւ լավ հիմք երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման եւ լավագույն փորձի փոխանակման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular