ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կգա ԱԺ, իսկ ընդդիմությունը փախչում է հերթական շոուից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովն այսօր հարցաքննության է կանչել Նիկոլ Փաշինյանին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտադիր է ներկայանալ քննիչ հանձնաժողով և պատասխանել պատգամավորների հարցերին, ավելին ինչպես և վայել էր Փաշինյանին, այս դեպքում ևս նա մտադիր է այդ «հարցաքննությունը» վերածելու շոուի, պատերազմի համար նոր մեղավորներ նշանակելու և պարտության մեղքը ընդդիմախոսների ու հայկական բանակի վրա բարդելու համար։

Թերևս հենց այդ կարծիքին են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն, որոնք հայտարարել են, թե քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության կառավարության գործունեությունը։

Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Փաշինյանի հարցաքննությանը՝ նշելով, որ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության և անձամբ Փաշինյանի կողմից հետևողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին։

Թերևս կարելի էր արդարացված համարել ընդդիմության այս գործելաոճը, սակայն արդեն որերորդ դեպքն է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվում են հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, թեև կարող էին բավականին առարկայական և լուրջ հիմնավորումներով պատռել նրա դեմքը՝ հանրությանը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին ցույց տալ, որ իրենց վարչապետն ընդամենը սովորական դեմագոգ է և անպատասխանատու ու ապիկար կառավարիչ։ Փոխարենը ընդդիմությունը նախընտրում է իր վրայից գցել պատասխանատվությունը և Փաշինյանին թույլ տալ հերթական անգամ սեփական շոուն հրամցնել հանրությանն, ուստի և բնական է ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ հանրության անվստահության աճը։

Ի վերջո հանրության ահռելի մի զանգված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին նրա համար չի ուղարկել խորհրդարան, որ հնարավորինս փախչեն Փաշինյանի հետ առերեսվելուց, այլ ընդհակառակն՝ ուղարկել է հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմին իշխանությունից զրկելու համար։ 

Մարիաննա Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular