ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեցնել փաստաբաններին ծեծի ենթարկած ոստիկանների լիազորությունները. փաստաբանները պահանջագիր հանձնեցին ՆԳՆ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանները, որոնք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՆԳՆ-ի շենքի մոտ, պահանջագիր հանձնեցին: Փաստաբանները պնդում են, որ ծեծի ենթարկած ոստիկանների լիազորությունները պետք է անհապաղ դադարեցնել:

ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած երկու օրերին պահանջին միացել է 878 փաստաբան։

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը, ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,

  1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի եւ այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաեւ փաստաբանին ձերբակալելու եւ խուզարկության ենթարկելու դեպքերը.
  2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի եւ Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
  3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասաց՝ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա փաստաբանները առնվազն մեկ օրով գործադուլ են հայտարարելու. «Փաստաբանները հրաժարվելու են դատարաններ եւ նախաքննական մարմիններ գնալ: Սա ցույց է տալու, որ փաստաբանական ինստիտուտը կարևոր է, և առանց դրա չեն կարող արդարադատություն իրականացնել»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular