ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել. Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետեւել է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Նախարարը շրջել է քննական սենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին: Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը նշել են, որ հունվարին մասնակցել են առաջին փուլի քննությանը եւ այժմ քննություն են հանձնելու երկրորդ անգամ:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննություններն ընթանում են բնականոն հունով: Նրա խոսքով՝  դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն այս տարի է ներդրվել, որը դրական դինամիկա է ապահովել:

«Այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ իրավիճակ չունենք,  քննությունները  ընթանում են ըստ պլանավորածի: Կարծում եմ՝ այս տարվա 2 անգամվա քննություն հանձնելու հնարավորությունը դրական ազդեցություն է թողել դիմորդների վրա՝ հոգեբանական լարվածության տեսանկյունից եւ նվազեցրել է սթրեսը:

Կային դիմորդներ, որոնք օգտվել են երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից, ինչը շատ դրական է,  որովհետեւ այսկերպ հնարավորություն ենք տվել նրանց ավելի հեշտ հաղթահարել քննական գործընթացը: Մի բան հստակ է, դիմորդները երկրորդ անգամ քննություն հանձնելիս ավելի հանգիստ են, սթրեսը նվազել է: Երբ դու ունես մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն, կշեռքի նժարին մեծ պատասխանատվություն է դրված. կամ կհանձնես քննությունը, կամ՝ ոչ: Այս դեպքում դիմորդներն ավելի հանգիստ են, կենտրոնացած, գիտեն ինչպես օգտագործեն իրենց տրված ժամանակը: Սա կարեւոր փորձ է, որն օգնում է լավ պատրաստվել, երկրորդը՝ արդյունքներն են: Մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում տոկոսային հարաբերությամբ բարձր միավորներ ստացած դիմորդների թիվը աճել է, անբավարարները՝ նվազել»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ միտումը նկատելի է եղել արդեն կայացած միասնական քննությունների արդյունքների նախնական համեմատությամբ:

Օրինակ առաջին փուլում «Քիմիա» առարկայից գերազանց էին ստացել դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլում՝ 14 տոկոսը: Առաջին փուլում նույն առարկայից անբավարար արդյունք էր ապահովել դիմորդների 34 տոկոսը, երկրորդ փուլում՝ 25 տոկոսը:

Նա նաեւ հույս  է հայտնել, որ արդյունքների բարելավում կունենանք նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության դեպքում:

Անդրադառնալով միասնական քննությունների արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ մտահոգիչ են, եւ այս առումով լուրջ աշխատանք  կատարալու կարիք կա:

«Կայուն դրական  արդյունքի ապահովման համար դպրոցի բովանդակային բարեփոխումները, որոնք այժմ ընթացքի մեջ են, կարեւոր նշանակություն ունեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: 

Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը՝ նախարարը նշել է, որ մրցույթ է հայտարարված՝ նոր չափորոշիչների պահանջին համապատասխան:

«Հիմա փորձաքննության փուլում ենք, աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որպեսզի  մեզ մոտ ձեւավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ: Ավելի քան 10 տարի նոր դասագրքեր չեն մշակվել, իսկ դասագիրք գրելը բարդ գործընթաց է՝ մեթոդական, ձեւավորման, հոգեբանության տեսանկյունից: Դասագրքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում: Առաջին փուլում միանգամից գոհ լինելու հավանականությունը փոքր է, բայց կարեւոր է գործընթացի իրականացումը, որ դաշտը ձեւավորվի, մասնագիտական խմբեր կազմվեն, եւ ապահովենք դասագրքերի բարձր որակ:

Ուզում եմ նաեւ նշել, որ թեեւ դասագիրքը շատ կարեւոր է, բայց ժամանակակից դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում իր նախկին նշանակությունն այն կորցնում է: Առաջատար երկրներում դասերը կառուցվում են ոչ թե մեկ դասագրքի շուրջ, այլ լինում են տարբեր նյութերի թղթապանակներ, որպեսզի աշակերտները բազմակողմանի նայեն նույն երեւույթին, զարգացնեն մտածողությունը: Մենք եւս պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ ավանդաբար մեծ թվով քննություն հանձնողներ, ըստ դիմորդների ընտրած մասնագիտության, լինում են «Անգլերեն», «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Ավելի քիչ թվով դիմորդներ են քննություններ հանձնում, օրինակ, իտալերենից, իսպաներենից:

Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ բուհեր իրենց նախընտրած ընթացակարգով՝ ընդհանուր հիմունքով, ինչպես ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրացիների եւ սփյուռքահայերի համար սահմանված առանձին ընդունելության կարգով:

Խոսելով թափուր տեղերի մասին՝ նախարարը նշել է, որ  որոշ բուհերում կան մի շարք ռազմավարական կարեւորության մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին փոքր է:

Արդեն գործում են այս տարի ներդրված նոր մոտեցումները. տարկետման հնարավորություն է տրվել որոշ բնագիտական մասնագիտությունների համար: Օրինակ, ԵՊՀ-ում տվյալ մասնագիտությունների գծով դիմորդների թիվը, դրանով պայմանավորված, կրկնակի աճել է՝ նախորդ տարվա համեմատ: Մանկավարժական համալսարանի բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում եւս դիմորդների թվի աճ կա»,- ասել է նախարարը:

Նշենք, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից այսօր քննություն է հանձնում 4349 դիմորդ: 2023-2024 ուստարվա միասնական քննություններին մնացել է երկու օր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular