ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները երեկ թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով բարձրացնում էին դրոշների ձողերը. Տիրան Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու, եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երասխ բնակավայրում լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը:

«Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու եւ այլն, դա ուղղակի արձանագրությունն է մեր տնօրենների խորհրդի որոշման: Մենք դրոշների բարձրացումով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը: Մեզ՝ այստեղ լինելու, գործունեություն ծավալելու, որեւէ բան կառուցելու եւ չկառուցելու, համաձայնվելու եւ չհամաձայնվելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի Հանրապետությունից մենք ունենք այդ թույլատվությունը, եւ՛ ցանկությունը, եւ՛ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ գործարանը կառուցելու»,- ասաց Տիրան Հակոբյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հիմա հիմա որոշվեց բարձրացնել երկու երկրների դրոշները, Հակոբյանն ասաց, որ մինչեւ այդ կարիքը չէին զգացել:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը թիրախավորում է շինարարական տեխնիկան երկու պատճառով՝ վախեցնելու եւ տեխնիկան շարքից հանելու:

«Առաջին կրակոցից հետո ամեն օր եղել են կրակոցներ: Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա: Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու եւ խաղի այդ կանոններով չենք խաղալու»:

Տիրան Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները երեկ թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով իրենք բարձրացնում էին դրոշների ձողերը:

Նա ասաց, որ այսօրվանից շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները:

«Մենք դիմելու հնարավոր բոլոր միջազգային մարմիններին եւ օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որ իրենք հասկանան՝ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան թե՛ օրենսդրական, թե՛ պաշտպանական դաշտում»:

Հարցին՝ եթե հակառակորդը կրկին այդպիսի քայլերի գնա, արդյո՞ք ընկերությունը կդիմի ԱՄՆ իշխանությունների միջամտությանը, Հակոբյանը պատասխանեց. «Մենք ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ ենք: Նրանք ամբողջ պրոցեսից տեղյակ են, կարծում եմ՝ համապատասխան գործողություններ եւ հետեւություններ արվում են»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պատճառաբանությանը, թե մետաղի մշակումը կարող է աղտոտել Արաքսը, Տիրան Հակոբյանն ասաց.

«Ջրի հետ կապված որեւէ ձեւ մենք չենք ազդում Արաքսին: Մենք գտնվում ենք մոտ 6 կմ հեռավորության վրա եւ ջուրը օգտագործում ենք մակերեւութային ջրերը՝ փակ ցիկլով: Այսինքն՝ ջուրը մեր մոտ սպառվում է միայն գոլորշիացման տեսքով: Եվ՛ Բնապահպանության նախարարությունը, եւ՛ անկախ փորձագետներն այդ մասին շատ մանրամասն հաղորդագրություններ են տարածել»:

Նա հայտնեց, որ գործարանի շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ավարտին:

Անդրադառնալով հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած ազգությամբ երկու հնդիկների առողջական վիճակին՝ Հակոբյանն ասաց, որ նրանք առայժմ շարունակում են իրենց բուժումը «Արարատ» ԲԿ-ում. «Ամեն ինչ նորմալ է, առողջացման ընթացքի մեջ են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular