ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում. Դա հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին. Շիֆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և առանց հետևանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի և հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որևէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին և միջազգային իրավունքին։

Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը և այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։ 

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարությունը շարունակում է բարձրաձայնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավվելու իր ցանկության մասին՝ որպես իրավահավասար կողմ, ինչն, ըստ կոնգրեսական Շիֆի, պետք է լինի անվտանգության, ինքնորոշման իրավունքի հարցում միջազգային երաշխիքների առկայության և բանակցող կողմերի պարտավորությունների կատարման պայմաններում։

«Արցախում ապրող 120.000 հայերի անվտանգությունն ու իրավունքները չեն կարող երաշխավորվել Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպել է բազմաթիվ վայրագություններ արցախահայերի նկատմամբ, ներառյալ Շուշիի և Հադրութի հազարավոր հայերի էթնիկ զտումները 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ադրբեջանցիներն իրականացրել են նաև հայ ռազմագերիների խոշտանգումներ ու սպանություններ, ոչնչացրել են Արցախում հայկական կրոնական և մշակութային արժեքները»,- նշել է Շիֆը։

Կոնգրեսականի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախի ժողովրդին ու կանգնել նրա կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է՝ ի թիվս այլ ժողովուրդների։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները,

«ԱՄՆ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, պետք է ապահովի Արցախի ժողովրդի պաշտպանությունն ու ինքնորոշման իրավունքը, առավել ևս, որ արցախահայությունը հայտարարել է, որ չի հրաժարվի անկախության իր իրավունքից և արժանապատիվ, խաղաղ կյանքով ապրելու նպատակադրությունից»,- եզրակացրել է կոնգրեսական Շիֆը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular