Նավթի գները նվազում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւրբաթ նավթի գները շարունակում են նվազել եւ շաբաթն ավարտում են անկումով՝ համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական խստացման ֆոնին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Անգլիայի բանկը եւ Նորվեգիայի Կենտրոնական բանկը նախօրեին 50 բազիսային կետով բարձրացրել էին հիմնական տոկոսադրույքները, Շվեյցարիայի ազգային բանկը՝ 25 բազիսային կետով։
«Համաշխարհայհին բանկերը շարունակում են ինֆլյացիայի դանդաղեցման ջանքները, անգամ եթե դրա համար ձեռնարկվող միջոցները տնտեսությանը ռեցեսիայի են հանգեցնում, եւ նավթի շուկան համապատասխան ձեւով է արձագանքում», - նշում է CMC Markets U.K.-ի վերլուծաբան Մայքլ Հյուսոնը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով 09։15-ին Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը կազմում է 73,42 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,72 դոլարով ցածր է նախորդ շրջանի փակման գնից։ Հինգշաբթի այդ գործարքները նվազել են 2,98 դոլարով (3,9 տոկոս)՝ հասնելով 74,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային գործարքներում այս անգամ նվազել է 0,73 դոլարով (1,05 տոկոս)՝ հասնելով 68,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ օրը այդ գործարքները նվազել են 3,02 դոլարով (4,2 տոկոս)՝ հասնելով 69,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։