ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե որևէ երկիր պատերազմի ու խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, ապա և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը միասին է ստանում»։ «Փաստի» հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը մեջբերում է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որոնք, ըստ նրա, շատ տեղին են այն իրավիճակի համար, որն այսօր ունենք, հաշվի առնելով թե՛ բանակցային գործընթացը, թե՛ սահմանին տիրող իրավիճակը։

«Այս իրավիճակում կա նաև հիբրիդային պատերազմ, որտեղ գործողություններում որևէ սահմանափակում չկա։ Երբ ընտրվում է և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը, ապա մշտապես լինելու են քայլեր, որոնք ուղղված են լինելու ոչ միայն ստորացնելուն, այլև հարցականի տակ են դնելու հայերի ֆիզիկական գոյությունն այս տարածաշրջանում։ Պետք է ընդունել, որ Ադրբեջանը շատ հստակ, հետևողականորեն իրագործում է իր պլանները։ Զարմանալի կլիներ, որ Ադրբեջանը չսաստկացներ իրավիճակը հատկապես Արցախում՝ արգելելով նաև հումանիտար բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Իհարկե, այս հարցերում Ադրբեջանը խորհրդակցում է իր դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ»,-ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրագործել, այսպես ասած, պանթուրքական տարածաշրջան ստեղծելու իր գաղափարը։

«Սա շատ վտանգավոր է, ու նրանք ոչ թե ուզում են բազմաբևեռ աշխարհում խաղացող լինել, այլ արդեն իսկ խաղացող են դարձել։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ցանկացած ամերիկյան սենատորի, Ֆրանսիայի խորհրդարանի որևէ պատգամավորի խոսք արժեք չունի։ Իրենց վրա չեն ազդում անգամ միջազգային դատարանների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը, ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Ադրբեջանա-թուրքական կողմից այս առումով լուրջ արձագանքի սպասել պետք չէ։ Նրանք հետևողականորեն իրագործում են իրենց պլանները»,-ասաց քաղաքագետը։

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին, որոնք տեսանելի դաշտում մե՛կ ակտիվանում են, մե՛կ հետաձգվում, ու կարճ ժամանակ անց կրկին նոր հանդիպումների մասին է հայտարարվում, մեր զրուցակիցը նկատեց. «Այս ամենը նման է խաղի։ Այսօր Հայաստանը ղեկավարվում է նաև այն խորհուրդներով, որոնք մատակարարվում են Արևմուտքի բազմաթիվ ուղեղային կենտրոնների կողմից։ Այդ տրամաբանությամբ քաոսի վերածելու համար ամեն ինչ է արվում։ Հայաստանը վերածել են մի քաոտիկ շրջանի, որտեղ գործում են և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ռուսական ազդեցությունները։ Կարծում եմ՝ նման քաոտիկ դիվանագիտական մթնոլորտ ստեղծելը ևս վերոնշյալ խաղի կանոնների մեջ է մտնում, որտեղ դժվար է կռահել հաջորդ քայլերը, իսկ եթե անգամ հնարավոր է, ամեն դեպքում, ամեն ինչ, ի վերջո, իմաստազուրկ է դառնում»։

Ըստ նրա, այստեղ, բացի հայկականից, կան բոլոր ազդեցությունները. «Միևնույն ժամանակ միակ առարկայական ներկայությունն ունեն ռուս խաղաղապահները, որոնցից կարելի է երբեմն դժգոհել, երբեմն՝ չդժգոհել, բայց եթե նրանք չլինեին, արդեն արցախահայություն հասկացություն չէր լինի»։ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ևս սահմանային սադրանքներին անդրադառնալով՝ նա նկատեց. «Հայաստանն ու Արցախը միասնություն են՝ ի հեճուկս իշխանության որոշ գործիչների, որոնք Երևանում, օրինակ՝ ԱԺ-ում նստած՝ տարբերություն են դնում։ Քանի որ Հայաստանն ու Արցախը միասնություն են, հետևաբար, երբ թշնամին որևէ քայլ է անում Արցախի որևէ շրջանի տարածքում, ապա նույնն անում է նաև ՀՀ-ի նկատմամբ։ Այսինքն, նրանք Հայաստանի ու Արցախի միջև տարբերություն չեն դնում ու գործում են հենց այդ տրամաբանությամբ։ Իրավիճակն անմիջականորեն վերաբերում է նաև ՀՀ-ին, ու գործընթացները շատ տխուր են»։Այս ֆոնին, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քայլերը զուրկ են հայկական ու ազգային շահի տրամաբանությունից։

«Այդ քայլերը լիովին տեղավորվում են վերոնշյալ քաոտիկ իրադրության համատեքստում։ Այդ տրամաբանությամբ որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները։ Նա կարող է երեք ժամ խոսել՝ չարտահայտելով որևէ տրամաբանական խոսք։ Օրինակ է օրեր առաջ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթը, որը խայտառակ մի «ստեղծագործություն» էր, ուր արտահայտում էր ստեր, անհիմն, փուչ ու մտացածին փաստարկներ։ Ամեն դեպքում, հիմա որոշ շարժումներ են ձևավորվել, ստորագրահավաք է մեկնարկել։ Պետք է ազգովի, թերևս, սկսենք գոնե նման ճանապարհներով մի կերպ հասնել իշխանափոխության, և այդ ժամանակ երևի շատ բան կփոխվի։ Այդ ժամանակ ընդդիմությունից պետք է ընտրվեն այն մարդիկ, որոնք կարող են լավագույնս կատարել իրենց առաջադրանքները, խնդիրները, պարտականությունները, որոնք շատ ծանր են լինելու՝ հաշվի առնելով արդեն այսօր ստեղծված իրավիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular