ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչինչ տեղից չի շարժվում, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը նույն նոտայի վրա են խաղում՝ ընդդեմ բոլորի. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում ադրբեջանական կողմի սադրանքը վերջին ժամակահատվածի համար արտառոց իրադարձություն է՝ հատկապես խաղաղապահների առկայության պայմաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Դրա պատճառները ամբողջությամբ բխում են Հայաստանի արտաքին քաղաքականությունից: Այս կապիտուլյացիոն ռեժիմը մխրճվելով Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մեջ որպես՝ սեպ, եւ ամբողջությամբ քանդելով բոլոր տրամաբանությունները, հիմա էլ նույն ձեւով փորձում է աշխարհաքաղաքական առեւտրի մեջ սեփական շահը տեսնել, իսկ դա իր տխրահռչակ իշխանությունը երկարաձգելն է: Իրենց գործած սխալների արդյունքում Արցախում, Ջերմուկում կրակեն, զոհեր կլինեն Գորիսում, թե՛ Տեղ գյուղում, թե՛ Տավուշում, դա իրենց չի հետաքրքրում, նրանք վաղուց համակերպվել են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հարցում, որը ամենամեծ դավաճանությունն է: Նրանք վաղուց արդեն ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի շահերի միջեւ հայկական շահը տրորելով՝ սեփական իշխանության պատմությունն են կերտում»,- նշեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները լավ գիտեն, որ իրենց համար իշխանություն կորցնելը նշանակում է ֆիզիկական վտանգի տակ գտնվել:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախում սադրանքի դիմել, ՀՀԿ անդամն ասաց. «Հայ ժողովրդին էլ, Արցախին էլ փորձում են ասել՝ որ պահին որ հանկարծ չհամաձայնվեք, այսպիս իրավիճակ է լինելու: Քանի որ իշխանությունները կորցրել են վստահությունը եւ՛ ՌԴ-ում, եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ տարածաշրջանում, որեւէ երաշխիք գոյություն չունի: Տեսեք, խաղաղապահներն այնտեղ են, ԵՄ դիտորդներն այստեղ են, ԱՄՆ-ն առավոտից երեկո խաղաղության կոչ է անում, ՄԱԿ-ի դատարանները միջանցք բացելու մասին որոշումներ են կայացնում, միջազգային բոլոր կառույցները միջանցքը բացելու, ապաշրջափակելու նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը գոնե իրագործելու կոչեր են անում: Ոչինչ տեղից չի շարժվում մի պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը նույն նոտայի վրա են խաղում՝ ընդդեմ բոլորի»:

Զաքարյանի խոսքով՝ սահմանին տեղի ունեցող իրադարձությունները կուլիսների արտացոլանքն են. «Ադրբեջանը իրեն պահում է այնպես, ինչպես կամենում է, եւ հայկական կողմից զոհի կերպարով փորձում են ամբողջը տալ, ապա դա նշանակում է, որ կուլիսներում ամեն ինչին համաձայնեցված է: Սրանք միայն իրենց իշխանության երկարաձգման հարցն են լուծում»:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե նախկին նախագահներն ունեին լուծումներ, ապա ինչո՞ւ ժամանակին խնդիրը չէր լուծվել, Զաքարյանն արձագանքեց. «Նիկոլը բացի իրենից եւ իր մերձավորներից որեւէ մեկին մեղադրելու բարոյական իրավունք չունի: Ի՞նչ է նշանակում կոնֆլիկտը լուծել, ըստ Նիկոլի, արագ անցնել ու գնա՞լ, Կիպրոսի, Կոսովոյի խնդիրներն ինչո՞ւ մինչեւ հիմա չեն լուծվում: Ո՞րն է լուծումը, դու այն դիրքերում ես, որ արագ այդ խնդիրը լուծես, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է գլխի ընկնեին, որ գալու է մի կիսագրագետ դավաճան, որն այնպես է անելու, որ այդ հողերը հանձնվի, ու հետո սկսի իրենց մեղադրել, թե ինչու ժամանակին չեն լուծել»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2019-ին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանել են պատերազմական կոնվեյեր, ըստ որի, եթե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվեր, ապա հնարավոր էր, որ պատերազմ չլիներ, Զաքարյանն ասաց. «Դա անհեթեթություն է: Դա չի կոչվում բանակցություն, այդպես կարող են ասել միայն նրանք, ովքեր դավաճանությունից հետո փորձում են արդարացնել սեփական մեղքերը: Նիկոլը ասում է այն, ինչը պետք է, այսինքն՝ նա ասում է այն, ինչպես որ ինքը պետք է փորձի արդարացնել արդեն իսկ սեփական գործած մեղավորությունը: Ոչ, բանակցությունները պատերազմի մասին չեն: Մինսկի խումբն էլ դրա համար էր, որ պատերազմը տեղի չունենա: Բանակցությունները պատերազմի են վերածվում միայն այն դեպքում, երբ հայտնվում են փակուղում: Ինքը որ ասում է՝ կոնվեյեր, նա է դրա վրա բարձրացել, ոչ մեկ իրեն չի հրել»:

Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, թե 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապ ունեն բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման հայեցակարգի հետ, Արտակ Զաքարյանը արձագանքեց. «Կարծես՝ հոկտեմբերի 27-ի թելերն էլ նույն հեղափոխության աղբյուրն են: Մինչեւ չպարզվի՝ ովքեր են դրա կազմակերպիչները, դժվար է այդ հարցին պատասխանելը: Եթե տեղեկատվության է տիրապետում, երկրի վարչապետն է, թող նոր երեւան եկած հանգամանքների հիման վրա գործի քննություն սկսվի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular