ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի վարկաբեկման մեխանիկան՝ Փաշինյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր շտաբի նախկին հրամանատարների դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի սանձազերծած արշավն, ինչպես նաև հայկական գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պահվածքը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանի ջանքերով դեգրադացվել է բացառապես ամեն ինչ, այդ թվում նաև բանակը։

Օրեր առաջ Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հետաքննող հանձնաժողովի նիստում Փաշինյանը մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղեց Գլխավոր շտաբի դեմ։ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն էլ փորձեց պատասխանել Փաշինյանին, սակայն, ըստ էության, ընդամենը մեղադրանքի սլաքներն իր վրայից հեռացնելու համար էին, ավելին՝ հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր, թե Օնիկ Գասպարյանի ցուցմունքներն ու հայտարարությունն առանձնապես չեն հակասում Փաշինյանին։

Երեկ էլ Քոչարյանը հարցազրույց է տվել և հայտարարել, թե 2021 թվականի փետրվարին գլխավոր շտաբի հայտարարությունն, որով պահանջում էին վարչապետի հրաժարականը, գրվել է ոչ թե գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի, այլ նրա տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձեռքով, իսկ Օնիկ Գասպարյանն ընդամենն այդ թղթի տակ վերջինն է ստորագրել։ Ակնհայտ է, որ Գասպարյանը համաձայնվել է անցնել Փաշինյանի թրի տակով, նոր պաշտոն ստանալու կամ քրեական հետապնդման չենթարկվելու խոստման դիմաց, մինչդեռ Տիրան Խաչատրյանն օրինակ, հանդես է գալիս Փաշինյանին մերկացնող և նրա կեղծիքները բացահայտող բազմաթիվ հայտարարություններով, ակտիվ ընդդիմադիր է, ինչը վկայում է, որ շուտով նրա դեմ կարող են քրեական հետապնդում սկսել և բռնաճնշումների ենթարկել, ինչպես Փաշինյանն անում է հայկական բանակի բազմաթիվ այլ զորահրամանատարների նկատմամբ։

Գործող վարչախումբն իր առջև խնդիր է դրել՝ ամեն գնով 44-օրյա պատերազմի մեղքը բարդել հայկական բանակի վրա, և այդ բանակի բարձր կոչում ունեցող նախկին ու ներկա բազմաթիվ զինվորականներ ամեն գնով աջակցում են Փաշինյանին, որևէ կերպ չեն դիմադրում, իսկ ովքեր էլ դիմադրում են հայտնվում են իշխանության բռնաճնշումների ներքո և կալանավորվում։ 

Անահիտ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular