ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի․ պետք էր ավելի մեծ միջոցի կիրառում. Նորիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամը 1.12 րոպեին 100 տոկսսանոց համոզմունքով կարելի է արձանագրել, որ Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել, այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Մենք ունենք 100 տոկոսանոց ապացույց, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել: Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է  նույնիսկ ժամանակագրական առումով:

Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասաց Նորիկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում էին նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular