ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան եւ եւս երեք երկիր հայց են ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան Իրանում խփված ինքնաթիռի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Շվեդիան Իրանի դեմ հայց են ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի կործանման պատճառով, որը խփվել է 2020թ. Թեհրանի օդանավակայանից դուրս գալիս։ Այս մասին նշվել է այդ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ կայքում։

«Մենք՝ Կանադան, Շվեդիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը [Մեծ Բրիտանիա եւ Հյուսիսային Իռլանդիա] ներկայացնող նախարարներս, կարեւոր քայլ ենք կատարել  մեր համատեղ ջանքերում, որպեսզի ապահովենք Իրանին պատասխանատվության ենթարկելն այն բանի համար, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության PS752 չվերթն անօրինական կերպով խփվել է»,- նշվել է հայտարարությունում։

Փաստաթղթում հիշատակվում է, որ Իրանը չի պատասխանել չորս երկրների 2022թ. դեկտեմբերի 28-ի արբիտրաժ ստեղծելու պահանջներին՝ վեճը լուծելու համար։ «Որպես հետեւանք՝ այս շաբաթ Հաագայում մենք համատեղ հայց ենք ներկայացրել ՄԱԿ Միջազգային դատարան՝ դրանով իսկ սկսելով վարույթ Իրանի դեմ, կապված 1971թ. քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի կոնվենցիան խախտելու հետ»,- նշված է հայտարարությունում։

Դրանում ասվում է, որ «Իրանը, այլ խախտումների թվում, բոլոր հնարավոր մւջոցները չի ձեռնարկել, որպեսզի կանխի PS752 չվերթի օդանավի ոչնչացումը իր զինված ուժերի կողմից», ինչպես նաեւ «չի կարողացել միջազգային չափորոշիչներին համապատասխան լիակատար, թափանցիկ եւ անաչառ նախաքննություն եւ դատավարություն իրականացնել»։

Հայցը ներկայացրած պետությունները պահանջում են, որպեսզի ՄԱԿ Միջազգային դատարանը պարտավորեցնի Իրանին հրապարակայնորեն ընդունել, որ իր գործողությունները հակասել են միջազգային իրավունքին, ներողություն խնդրի զոհվածների ընտանիքներից, միջոցներ ձեռնարկի նման միջադեպերի կանխման համար, իրականացնի դատական հետապնդում խփված ինքնաթիռի գործով կասկածվողների նկատմամբ, ներառյալ նրանց արտահանձնումը, եւ վճարի այն երկրներին, որոնց քաղաքացիները զոհվել են ուկրաինական ինքնաթիռի միջադեպի ժամանակ, փոխհատուցի զոհվածների եւ նրանց ընտանիքների կրած վնասը։

Հայցը ներկայացնելուց հետո դատարանը կողմերին գրավոր փաստաթղթերի փոխանակման, իսկ հետո՝ բանավոր լսումների համար ժամկետ կնշանակի։ Պատասխանողը կարող է նախնական առարկություններ ներկայացնել։ ՄԱԿ Միջազգային դատարանի գործերի դիտարկումը սովորաբար մի քանի տարի է տեւում, նշվել է հայտարարությունում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» PS752 չվերթը (Boeing 737-800 ինքնաթիռ) 2020թ. հունվարի 8-ին խփվել էր Թեհրանի օդանավակայանից Կիեւ ուղեւորվելիս։ 176 զոհվածների մեջ կային Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի, Ուկրաինայի եւ Շվեդիայի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ սխալմամբ խփել են ռազմական օբյեկտի կողքով թռչող Boeing-ը՝ այն «թշնամական թիրախ» համարելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular