ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Ավետիք Չալաբյան. Հայաստանում ծնվել է ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակը» վերնագրով հոդվածում գրում է, որ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատասխանել է IA Realist-ի հարցերին՝ ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն ու Արցախը ճգնաժամից, ինչո՞ւ են հայ ժողովրդի թշնամիները ցանկանում փոխել Սահմանադրությունը, ի՞նչ է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը և այլն։

IA Realist.– Հայոց պետականությունը խոր ճգնաժամ է ապրում: Ինչ-որ մեկն այդ ճգնաժամը համարում է քաղաքական, մեկ ուրիշը՝ սոցիալական կամ նույնիսկ տնտեսական։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ ճգնաժամի իրական էությունը:

Ավետիք Չալաբյան.– Իմ անձնական կարծիքով, այդ ճգնաժամի բնույթը գալիս է անցյալ դարասկզբից, երբ մենքընդհանուր առմամբ պարտվեցինք մեր ազգային-ազատագրական պայքարում, կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, բնակչության մի զգալի մասը ենթարկվեց Ցեղասպանության, իսկ մենք, ի տարբերություն ազգային-ազատագրական պայքարի ուղին բռնած այլ ժողովուրդների (օրինակ՝ հույների, բուլղարների կամ ֆինների), չկարողացանք ստեղծել լիարժեք ազգային պետություն։ Մենք հիմա քաղում ենք այդ պարտության ծանր պտուղները, և մեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սերունդների ջանքեր՝ ամուր, կենսունակ, դինամիկ զարգացող պետություն ձևավորելու համար։

IA Realist.– Ինչպե՞ս ծնվեց «ՀայաՔվեի» ստեղծման գաղափարը։

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվեի» գաղափարը ծնվել է այս ծանր ճգնաժամից ելքեր գտնելու գործընթացում:

Մեր հիմնական նախադրյալն այն է, որ մենք՝ հայերս, չպետք է հանձնվենք և զիջենք մեր պատմական Հայրենիքի մասերը նույնիսկ գերազանցող ուժի ճնշման ներքո, այլապես կկորցնենք ամեն ինչ և ստիպված կլինենք լքել մեր Հայրենիքը։ Մեր իրավունքները, ոտնահարված արդարությունն ու արժանապատվությունը վերականգնելու համար պայքարը պետք է սկսվի մեր ուժերի սահմաններում գտնվող գործողություններից, բայց դրանք պետք է ռեզերվ ստեղծեն ապագայի ավելի հավակնոտ ու խիզախ ձեռնարկումների համար։ «ՀայաՔվեն» աշխատում է հենց այդ տրամաբանության մեջ: Դա պարզ, հասկանալի քաղաքացիական նախաձեռնություն է, որը կարող է համախմբել մարդկանց, վերականգնել նրանց հավատը ազգային արժանապատվության նկատմամբ, համախմբել նրանց ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար։

IA Realist.– Ավելի շատ պատմեք ձեր նախաձեռնության մասին: Ո՞րն է դրա էությունը:

Ավետիք Չալաբյան.– «ՀայաՔվեն» ուղղակի ժողովրդավարության առաջին օրինակն է ժամանակակից Հայաստանում, երբ քաղաքացիները միավորվել են Ազգային ժողով ներկայացնելու օրինագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ Արցախը որպես այլ պետության մաս ճանաչելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այդ երկու կետերն էլ Հայաստանի Անկախության հռչակագրում նշված են որպես անկախ հայկական պետության հիմնարար, հավերժական նպատակներ, որոնց մերժումը հավասարազոր է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն։ Դա քաջ գիտակցում են մեր թշնամիները, ուստի փորձում են ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա Սահմանադրությունը փոխելու համար։ Հակառակ այդ ճնշմանը, մենք աշխատում ենք բնակչությանը Սահմանադրության, դրա հիմնարար հիմքերի և մեր պետության ինքնիշխանության պաշտպանության շուրջ համախմբելու ուղղությամբ։

IA Realist.–Ի՞նչ պետք է անի այսօր յուրաքանչյուր հայ իր Հայրենիքը փրկելու համար։

Ավետիք Չալաբյան.– Ամեն մարդ, ով իրեն հայ է համարում, առնվազն պետք է իր ապագան սերտորեն կապի հայկական պետության ապագայի հետ: Դա երաշխիք է, որ նա գործելու է ի շահ այդ պետության։ Ավելին, նա պետք է գործով նպաստի այդ պետության հզորացմանը, և դրա համար կան հսկայական քանակությամբ ճանապարհներ։ Դա առանձին քննարկման թեմա է։ Բայց շատ կարևոր է այն, որ նույնիսկ գերազանց կատարելով սեփական աշխատանքը և օգնելով երկրին՝ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հայկական պետությունը գտնվում է թշնամու ուժերի խիստ ճնշման տակ, և միայն սեփական գործը լավ անելը բավարար չէ։ Պետք է դիմակայել թշնամու ճնշմանը, իսկ դրա համար պետք է համախմբվել ազգային գաղափարի շուրջ, կազմակերպվել համախոհներով և պատրաստվել երկարատև պայքարի։Այդ դեպքում մենք հնարավորություն ունենք հաղթելու այս պայքարում և ձևավորելու լիարժեք, կենսունակ, դինամիկ և ժամանակակից հայկական պետություն։

IA Realist.–Պատկերացրեք, որ ձեր ձեռքերում կա կախարդական փայտիկ, որը կատարում է ձեր նվիրական ցանկությունները: Ի՞նչ կփոխեիք հայ հասարակության քաղաքական ու հասարակական կյանքում։

Ավետիք Չալաբյան.– Նման կախարդական փայտիկներ չեն լինում, բայց պետք է սկսել այնպիսի նոր էլիտաների՝ մարդկանց հանրույթների ձևավորումից, որոնց միավորում է պետությանն ու հասարակությանը ծառայելը, ազգային և համամարդկային արժեքները, կոմպետենտությունն ու ազնվությունը, ինչպես նաև բաց լինելն ու համագործակցելու պատրաստակամությունը: Դա այն կորիզն է, որի շուրջ կարող է ձևավորվել և՛ ամուր պետություն, և՛ առողջ հասարակություն: Եվ վստահ եղեք, որ մենք այդ նպատակին հասնելու էստաֆետը ադեկվատ կերպով փոխանցել ենք հաջորդ սերունդներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular