ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ համայնքներում տների կառուցման ծրագիրը պասիվ է. Արարատի մարզից դիմող չկա, մյուս մարզերից՝ 2-3 դիմող կա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանամերձ գյուղերում պետության սուբսիդավորմամբ տների կառուցման ծրագիրը, որը մեկնարկել է 2023–ին, մարզպետների հավաստմամբ, աշխուժություն առաջացրել է, բայց դիմողները դեռ շատ չեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում նշեցին մարզերի ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի ընթացքը։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում։

«Այդ 3 գյուղում շինարարությունն ընթանում է։ Քաղաքացիները պատրաստվում են դիմել երկրորդ փուլին»,– ասաց Ղալումյանը` հավելելով, որ ևս 3 վարկ էլ հաստատվել է` 2-ը` Բերքաբերում, 1-ը` Կիրանցում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում 3 դիմող կա, որոնցից այս պահին դեռ 1-ն է շինթույլտվություն ստացել։

«Վայոց Ձորի մարզում աշխուժության կա, բայց թվաքանակը քիչ է։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից այս պահին 4 հոգի է դիմել Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից»,– հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Քանի որ մյուս մարզպետները նիստին ներկա չէին, նրանց փոխարեն վիճակագրությունը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ասելով, որ Արարատի մարզում հայտ չկա, Սյունիքում 8 հայտ է եղել։

Նախարարի խոսքով` ծրագիրը դանդաղում է բանկերում գրավադրման հարցի պատճառով։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որի միջոցով հույս ունեն` ծրագիրն ավելի կակտիվանա։

Վարչապետն էլ առաջարկեց բանկերի հետ քննարկում կազմակերպել։

Հիշեցնենք` սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվել էր կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի նիստում։

Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, դրանից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

Կառավարության կանխատեսմամբ` մինչև 2024 թվականի ավարտը Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում առնվազն 550 ընտանիք պետք է պետության աջակցությամբ տուն կառուցի։

2023 թվականի պետական բյուջեով այդ ծրագրին հատկացվել է 466 միլիոն դրամ, 2024 թվականի համար նախատեսվում է տրամադրել ևս 1.5 միլիարդ։

Պետության երաշխավորմամբ բանկը յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրում է առավելագույնը 16 մլն դրամ։

Պայմանագիրը կնքելուց հետո շահառուն պարտավորվում է 3 տարի ժամկետում տան կառուցումը հասցնել ավարտին և ներկայացնել ավարտական ակտը։ Հակառակ դեպքում գնահատվում է, որ տրամադրված գումարները նպատակային չեն օգտագործվել և աջակցություն դադարեցվում է։

Ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ բնակավայրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular