ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Պուտինը զրուցել են Արցախի նախագահի խնդրանքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն՝ այդ թվում Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցերը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի հետևողական իրականացման սկզբունքային կարևորությունը։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունն, այսուհետ այլևս գործնական աջակցություն ցուցաբերել հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը։

Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունն ավելի աղքատիկ էր, նշվում է, թե քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի և այն հաղթահարելու ուղիները։

Հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն Արցախի նախագահի խնդրանքով է ունեցել հեռախոսազրույցը Ռուսաաստանի նախագահի հետ, այդ մասին Արայիկ Հարությունյանն է ասել կայացած խորհրդակցությանը։

Հարությունյանը, հիշեցնենք՝ օրեր առաջ էլ մի նամակ էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, դժգոհել Արցախում ստեղծված իրավիճակից և ռուս խաղաղապահների պասիվութունից։

Ի դեպ, երեկ կայացած խորհրդակցությանն Արայիկ Հարությունյանը հաստատել է, որ իրենք պատրաստ են քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել և խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները։ Պաշտոնական Ստեփանակերտն, որն օրեր առաջ հրաժարվել էր Բաքվի հետ բանակցություններից, այսօր արդեն ինքն է ցանկություն հայտնում բանակցել, ընդ որում հաշվի առնելով Վլադիմիր Պուտինին գրած նամակն ու հեռախոսազանգը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ոչ թե ԱՄՆ-ի հովանավորությամբ, այլ հենց Ռուսաստանի, ուստի և Արցախի իշխանություններն իրենք են փորձում իբր կառուցողական դիրքորոշում դրսևորել՝ հնարավոր պատերազմը հեռացնելու նպատակով։

Մինչ այդ Ադրբեջանը շարունակում է իր սպառնալիքները և Իլհամ Ալիևն երեկ կրկին հայտարարել է, թե խաղաղություն հնարավոր է միայն մի դեպքում, եթե Հայաստանն Արցախից դուրս բերի իր զինված խմբավորումները՝ նկատի ունենալով պաշտպանության բանակի լիակտար լուծարումը։

Հեղինե Պապինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular