ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յելենը Չինաստանում քննարկել է պարտքի ճգնաժամն ու ԱՄՆ-ի հետ համատեղ կլիմայական ծրագրերի ֆինանսավորումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնի եւ Պեկինի համար «չափազանց կարեւոր է» շարունակել համատեղ աշխատանքը կլիմայական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում, շաբաթ օրն ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Չինաստան կատարած այցի ընթացքում, տեղեկացրել է AFP-ն։

«Որպես աշխարհում ամենամեծ ջերմոցային գազերի էմիտենտներ եւ խոշոր ներդրողներ էներգիայի վերականգնվող աղբյուրներում՝ մենք համատեղ պատասխանատվություն ենք կրում եւ կարող ենք գլխավորել գործընթացը»,- ասել է Յելենը փորձագետների կլոր սեղանի ժամանակ։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիրների ցուցակի առաջին տեղում է, եւ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը պետք է միասին աշխատեն, որպեսզի հաղթահարվեն այդ գոյաբանական սպառնալիքները»,- ավելացրել է նա։

Հայտարարելով, որ «կլիմայական ֆինանսավորումը պետք է արդյունավետ եւ գործուն լինի», նա Չինաստանին կոչ է արել աջակցել գոյություն ունեցող բազմակողմ ինստիտուտներին, ինչպիսին է Կանաչ կլիմայական ֆոնդը, ինչպես նաեւ կոչ է արել ներգրավվել արտանետումների զրոյական մակարդակի անցման գործընթացում։

Կլիմայի վերաբերյալ համատեղ աշխատանքից բացի՝ Յելենը ուրբաթ  Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնի համար կարեւոր է նաեւ սերտորեն շփվել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական հարցերում՝ համատեղ ջանքեր գործադրելով միջազգային այնպիսի խնդիրների լուծման գործում, ինչպիսին է պարտքի ճգնաժամը։

Շաբաթ օրը Յելենը շփվել է նաեւ տնտեսագետ կանանց հետ՝ ընդգծելով, որ ԱՄՆ եւ Չինաստանի հարաբերություններն «ամուր են»։

«Կարեւոր է, որպեսզի մենք շարունակենք զարգացնել եւ խորացնել այդ կապերը, հատկապես հիմա, երբ Չինաստանը նորից բացում է իր տնտեսությունը համավարակի պատճառով փակվելուց հետո»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ում կարող են տարաձայնություններ լինել չինական կառավարության, բայց ոչ ժողովրդի հետ։

Սպասվում է, որ շաբաթ ավելի ուշ նա կհանդիպի Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել էր Չինաստան՝ դրանից հետո հայտարարելով, որ ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում Չինաստանի հետ, բայց գրեթե անմիջապես դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրապարակային ելույթներից մեկում Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել էր «դիկտատոր»՝ առաջ բերելով Պեկինի կոշտ արձագանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular