Էրդողանը և Սունակը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են «հացահատիկի գործարքի» երկարաձգման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման կարևորության շուրջ՝ թույլ տալով Ուկրաինային հացահատիկ արտահանել իր սևծովյան նավահանգիստներից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանը վարչապետին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու Թուրքիա կատարած վերջին այցի մասին, և առաջնորդները պայմանավորվել են Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման կարևորության մասին»,- ասվում է Սունակի գրասենյակի հայտարարության մեջ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու առաջնորդների հանդիպումից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մտածում է հացահատիկի գործարքից դուրս գալու մասին, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքը կնքել է ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ օգնելու Ռուսաստանի բարեկամ երկրներին Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Սակայն գործարքի գործընկերները, ինչպես նշել է ՌԴ նախագահը, «խաբել» են Մոսկվային և փաստացի հրաժարվել են կատարել նրա պայմանները։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Սևծովյան նախաձեռնությունը», որի նպատակն էր օգնություն տրամադրել Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին, «վերածվել է ուկրաինական սննդի զուտ առևտրային արտահանման՝ «կուշտ երկրներ»: