Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի անօդաչուների հայտնաբերման համակարգեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոն Կիեւին կտրամադրի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր։ Այս մասին չորեքշաբթի Վիլնյուսում շարունակվող ՆԱՏՕ գագաթաժողովում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Kyodo գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ճապոնիան «այսուհետ եւս Ուկրաինային կտրամադրի «չթռչող» օգնություն, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր»։
Նշվել է, որ այդ նպատակների համար կօգտագործվեն 30 մլն դոլարի չափով միջոցներ, որոնք մինչ այդ Ճապոնիան փոխանցել էր ՆԱՏՕ ֆոնդին։
Վարչապետ Կիսիդան արդեն երկրորդ անգամ է մասնակցում ՆԱՏՕ գագաթաժողովին, որի հետ Ճապոնիան համաձայնեցրել է համագործակցության նոր պլանը, որով ենթադրվում է, մասնավորապես, փոխգործակցության զարգացում կիբերտարածության եւ տիեզերական արբանյակների պաշտպանության ոլորտում։