ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փառատոնին կմասնակցեն պաշարներով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 22-23-ը Երեւանի Զաքյան փողոցում տեղի է ունենալու գարեջրի փառատոն, որի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի տեսականին, առանձնահատկությունները, ավանդույթները եւ զարգացնել քաղաքային տուրիզմը, ինչպես նաեւ հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին համախմբել մեկ հարթակում: Այս տարի, սակայն, համախմբվածության եւ գարեջրի տեսականու մասով խնդիրներ կան, կարծես թե:

«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ, որ կազմակերպիչները նախորդ փառատոնի մասնակիցներին զեղչեր են խոստացել, չեն արել, դրան գումարած՝ այս տարի երաշխիքային մոտ 200.000 դրամ գումար են պահանջել ընկերություններից, նաեւ այլ դժվարություններ են առաջացրել այս տարի՝ փոխելով մասնակցության պայմանները, ինչի արդյունքում շատ արտադրողներ չեն մասնակցի այս փառատոնին:

Հավանաբար կլինեն մի քանի խոշոր ընկերություններ, որոնք ֆինանսական դժվարությունները կհաղթահարեն, իսկ մանր արտադրողների մեծ մասը, որոնք եւ գարեջրի բազմազանությունն են ապահովում, չեն մասնակցի:

Տեղեկացանք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներով զբաղվում է «ԷվենտՏուրա» ընկերությունը: Գարեջրի համտեսը համեմելու համար ներգրավված կլինեն մինչեւ 20 ռեստորանային ընկերություններ եւ կներկայացնեն սնունդ, որը կարելի է համադրել գարեջրի հետ։

Փորձեցինք կապվել «ԷվենտՏուրա» ընկերության հետ՝ ճշտելու, թե ովքեր են մասնակցելու փառատոնին, ինչու են կազմակերպիչները փոքր արտադրողների համար արհեստական խոչընդոտներ ստեղծում, սակայն մեզ փոխանցեցին, որ մեզ հետ կապ կհաստատի տնօրենը, սակայն այդպես էլ որեւէ մեկը մեզ հետ կապի դուրս չեկավ մինչեւ օրվա ավարտը:

ArmLur.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան, որ ընկերություններն են մասնակցելու փառատոնին։ Կոստանյանը պատասխանեց, որ, որպես կանոն, մինչեւ վերջին օրն էլ մասնակիցները փոփոխվում են, եւ իրենք հստակ չեն կարող ասել, թե ովքեր կլինեն:

Միայն պարզ է, որ փառատոնի համար Զաքյան փողոցը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Այսինքն՝ ծախսն ավելի քիչ է, քան կարելի էր պատկերացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ նախկինում փառատոնին մասնակցած գարեջրի փոքր արտադրությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու, թե արդյոք պատրաստվում են այս տարի եւս մասնակցել:

«Ալավերդի», «Կելլերս» եւ «Թովմաս» ընկերութուններից մեզ պատասխանեցին, որ այս տարի չեն պատրաստվում մասնակցել փառատոնին:

Մի խոսքով, խուլ դժգոհություն է հասունանում՝ փառատոնին ընդառաջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular