ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական նեոբոլշևիզմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս Հայաստանն ապրում է բավական ինտրիգային օրեր, քանի որ չկա համընդհանուր քաղաքական օրակարգ և տեսլական, ավելին` երկրի առօրյան ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով և ցանկությամբ․ առանց որևէ բարոյական նորմի պահպանման ցանկացած պրիմիտիվ թեմա կարող է դառնալ հանրային ուշադրության էպիկենտրոնում և ցանկության դեպքում գովաբանվել, կամ՝ հակառակը, իսկ ամենաառանցքային հարցն ուղղակի մղվում է հետին պլան՝ «Օվերտոնի պատուհանի» հստակ կիրառմամբ։ Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Արցախի պարագայում տեղի ուենցող անդառնալի հետևանքները փորձում մղվել հետին պլան՝ ներքաղաքական նայիվ տեսարանների բեմադրում (վարդավառ, ԱԺ-ում սելֆիներ, զոհված զինծառայողի մոր ձերբակալություն)։

Ըստ էության, հասարակության մի մասն այսօր գտնվում է լեթարգիական քնի մեջ և ամբողջությամբ թմբիրի տակ է, իսկ հանրային դիսկուրսը՝ տապալված կամ, ավելի շուտ, տեղափոխվել է սոցցանցային տիրույթ: Ամենուր ականատես ենք սպառնալիքի ու հայհոյանքների, որոնք հայ իրականությունը նախ բևեռացնում է, ապա ստեղծում՝ անկառավարելի քաոս։ Օրվա չինովնիկների կողմից հանրային տիրույթում ամբողջովին վերահսկողություն է սահմանված, ինչը հանգեցնում է երկրի ներսում ժողովրդավարական գործընթացների քանդմանը` փոխարինելով դրանք քվազիդեմոկրատիական գործընթացներով, ինչի արդյունքում աստիճանաբար երկրում հաստատվում է դասական նեոբոլշևիզմ: Հստակ կարող ենք արձանագրել, որ Նիկոլը չունի որևէ օրակարգ, թե կոնկրետ ինչն է առաջնային իր և իր քաղաքական թիմի համար: Միաժամանակ տեսնում ենք, որ Փաշինյանը սեփական քայլերը փոխանակ իրականացնի Սահմանադրությանը համապատասխան, առաջնորդվում է սեփական պատկերացումներով և զգացմունքներով:

Փաշինյանական ռեժիմը հիմնականում գործում է բացառապես ռեպրեսիվ մեխանիզմների կիրառման ու բացահայտ ուժի ցուցադրման դեպքերի, ինչն առանց իշխանության ամենավերին օղակների գիտության կամ հատուկ հանձնարարության՝ չի կարող լինել։ Եվ դա արվում է հասարակության հակաիշխանական որևէ խլրտում բացառելու և ցանկացած քայլ միանգամից կանխելու նպատակով։ Այն քաղաքական կուրսին, որը շուրջ երկու տարի իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, բացի նեոբոլշևիզմից, այլ բնորոշում տալ չես կարող։

Թերևս շատերը կհիշեն, թե ինչպես էին նախորդ դարի 20-30-ականներին ամենուր փնտրում դավաճանների և տարբեր հարցերում մեղավորների, այսօր նույնի կրկնությունն է՝ Փաշինյանը տարբեր թեմաներով և սեփական ձախողումները թաքցնելու համար մեղավորներ է «նշանակում»։ Հաճախ ենք լսում, երբ օրվա իշխանության մաս կազմող տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ «իրենք չեն խառնվում որևէ դատական գործընթացի», սակայն տեսնում ենք, թե ինչպես են գործեր «կարվում» իշխանության համար քաղաքական խնդիրներ հարուցող գործիչների, կամ տնտեսական գործունեությամբ զբաղվող և իշխանությունների համար անհաճո ընկերություններում «անակնկալ» ստուգումներ իրականացնում։

Դժվար է զուգադիպություն համարել, բայց, և՛ բոլշևիկները, և՛ Փաշինյանն իշխանության գալուց հետո փորձեցին թիրախ դարձնել եկեղեցին և ազգային արժեհամակարգերը, երկուսն էլ հստակ զբաղված են գրաքննությամբ ու այլ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ տարբեր ճնշումների իրականացմամբ։ Նիկոլը, ինչպես ժամանակին ինքնամոռաց գոռգոռում էին բոլշևիկները, փորձում է մաքրել ցանկացած «հին» և ամեն ինչի «սկիզբը» համարել իրեն, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ականատես ենք, թե ինչպես են փորձում խմբագրել պատմությունը:  Այս ամենի հետ միաժամանակ՝ Փաշինյանն իր ապիկարությամբ գերազանցում է նախորդ դարասկզբի արկածախնդիրներին, քանի որ նրանք նախ ունեին կոնկրետ գաղափարախոսություն, ինչը բացակայում է Նիկոլի պարագայում։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular