Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց․ Aravot.am
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց այս գործով քննությունը, որով անցնում է նաեւ ՀՀ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Նիստի ընթացքում քննվեց Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարաձգման հարցը։
Aravot.am-ի հետ զրույցում Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ որոշվեց եւս երեք ամսով երկարացնել Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը․ «Այդ ժամկետը ուղիղ համեմատական է այն վախերին, որոնք այդ պատվերն իջեցնողներն ու կատարողները ունեն Գրիգորի Խաչատուրովի հետ կապված։ Այսինքն՝ եթե այն ժամանակ որոշակի հանգամանքներ կարող էին լինել, դրանց վերաբերյալ բացահայտումներ կատարեցինք, հիմա այդ վախերը զսպելու համար կալանքի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ արդեն որոշում են կայացնում, որ մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է կալանքի տակ գտնվի։ Դժվարանում եմ պարկեշտ բառապաշարով խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել այսօր դատական նիստերի դահլիճում»,- ասաց նա։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։