ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի, Եվրամիության և Փաշինյանի շահերը համընկնում են. ինտեգրել Արցախն ամեն գնով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հիմնական քաղաքական մտահաղացումներից մեկը՝ Արցախն ամեն գնով Ադրբեջանին ինտեգրելն է։ Օրերս նույնիսկ Ազգային անվտանգության պետական ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանն էր հայտնել, թե Ադրբեջանը ծրագիր է մշակել մեկ տարվա ընթացքում Արցախն Ադրբեջանին ինտեգրելու համար։ Այդ ինտեգրման կարևորագույն գործողություններից մեկը պետք է լինի Ադրբեջանից Արցախ հումանիտար կամ այլ տիպի բեռներ տեղափոխելը։

Արցախի 221-օրյա շրջափակումը լավ առիթ է տվել թշնամիներին այդ օրակարգն առաջ մղելու։ Նախ ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Կարմիր խաչի» ներկայացուցչի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե իրենք կարող են Ակնայից, Աղդամից դեպի Ստեփանակերտ հումանիտար բեռներ տեղափոխել, ապա և Բրյուսելում կայացած հանդիպումից հետո այդ մասին հայտարարել էր Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, թե դա լավ հնարավորություն է։

Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարն ավելի հեռու է գնացել՝ հայտարարելով, թե հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը։ Այն, որ Եվրոպան բացարձակապես ոչինչ չի անում Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Ըստ էության ակնհայտ է, որ արևմուտքը փորձում է ամեն գնով Արցախն ինտեգրել Ադրբեջանին, և Աղդամից նույնիսկ մեկ մեքենա հումանիտար բեռ ստանալն այլևս կոչնչացնի Արցախի սուբյեկտայնությունը։ Զարմանալի չէ, որ այս նման զարգացմանը դեմ են արտահայտվում բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հստակ արձանագրել է, որ Արցախը ոչ մի հումանիտար օգնություն չի ընդունելու Ադրբեջանի կողմից։ Նախօրեին էլ բողոքի ակցիա է եղել և անգամ արգելապատնեշ են դրել Ասկերան-Աղդամ ճանապարհի վրա։ Այս իրավիճակում, իհարկե, ուշագրավը Հայաստանի իշխանությունների արձագանքն է, կամ ավելի ճիշտ դրա բացարձակ բացակայությունը։

Գործող վարչախումբն որևէ կերպ չի արձագանքել, թե՛ Ադրբեջանին, թե՛ Եվրամիության ներկայացուցիչներին, նույնիսկ չի էլ հայտնել իր կարծիքը նման վտանգավոր զարգացման կապակցությամբ, ինչը վկայում է, որ սա իրականացվում է Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ և մասնակցությամբ։

Կարինե Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular